Գլխավոր Ահազանգ Արաքսն ու Դեբեդը կարող են հեղեղումներ առաջացնել. կառավարությունը փորձում է կանխել

Արաքսն ու Դեբեդը կարող են հեղեղումներ առաջացնել. կառավարությունը փորձում է կանխել

0

Արաքս գետը` հայ–թուրքական սահմանի հատվածում, Դեբեդը` Տավուշի մարզի Այրում, Դեբեդավան, Պտղավան, Հաղթանակ ու Բագրատաշեն համայնքների հատվածում, կարող են հեղեղումներ առաջացնել ու մեծ վնասներ պատճառել հարակից բնակավայրերին ու հողատարածքներին։

Առկա վտանգի մասին ՀՀ կառավարությանն զգուշացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` գործադրին առաջարկելով 2021 թվականի բյուջեից լրացուցիչ գումարներ հատկացնել նշված գետերի ափապաշտպան կառույցներն ամրացնելու համար։

Հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Դրանով նախարարությունն առաջարկում է բյուջեից հավելյալ շուրջ 375 մլն դրամ հատկացնել վտանգը կանխելու համար։

Մասնագետների հաշվարկով Արաքսի` հայ–թուրքական սահմանին հարակից հատվածում ափապաշտպան արգելաթմբի բարձրությունը չի ապահովում գետի առավելագույն ջրի անցկացումը, ինչը կարող է հանգեցնել արգելաթմբի ողողմանն ու քանդմանը:

Արաքսի 2189 մ երկարությամբ ափապաշտպան արգելաթումբը կես մետրից մինչև 1 մետր բարձրացնելու համար պահանջվում է 62 737 600 դրամ։

Բացի այդ, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի սահմանապահ ուղեկալի տարածքում Արաքս գետի ափն արդեն իսկ վարարումների ժամանակ ենթարկվել է ինտենսիվ ողողման՝ արմատախիլ անելով ծառեր և թփուտներ, և սպառնում է ողողել նաև հարակից տարածքները:

Այստեղ գետի ափի ամրացման աշխատանքների համար պահանջվում է 29 679 300 դրամ` 188 մ երկարությամբ ափը 3.9-4.75 մ բարձրությամբ քարե լիցքով ամրացնելու

Ինչ վերբերում է Դեբեդին, ապա այն Տավուշի մարզի Այրում, Դեբեդավան, Պտղավան, Հաղթանակ և Բագրատաշեն համայնքների տարածքներում քանդել է ափապաշտպան արգելաթումբը, որի հետևանքով փոխվել է գետի հունը։ Արդյունքում` Դեբեդով անցնող հայ–վրացական սահմանը տեղաշարժվել է դեպի ՀՀ տարածք: Հիշյալ համայնքների հողատարածքները մնացել են գետի ձախ ափին, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոմայրուղուն հարող հատվածներում քանդվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերակարգի հետիոտն և մեքենաների տեղաշարժի համար նախատեսված սահմանային ճանապարհները:

Դեբեդի ափի ամրացման աշխատանքների արժեքը գնահատվել է շուրջ 275 մլն դրամ։

 

Մեկնաբանել