Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Բոլոր սպիտակցիներին կամքի մեծ ուժ, ամուր քայլերով առաջ շարժվելու վճռականություն եւ խաղաղ...

Բոլոր սպիտակցիներին կամքի մեծ ուժ, ամուր քայլերով առաջ շարժվելու վճռականություն եւ խաղաղ երկինք. Գագիկ Սահակյան

0

Գագիկ Սահակյանի ուղերձը՝ քաղաքի օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ սպիտակցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր հարազատ քաղաքի օրվա կապակցությամբ։
Այսօր մեծ տոն է, քանզի մենք նշում ենք մեր սիրելի քաղաքի օրը, որն ամեն տարի համախմբում է սպիտակցիներին եւ ջերմություն ու լավ տրամադրություն փոխանցում բոլորին։ Ճիշտ է՝ պատերազմի դառը հետեւանքները, որից անմասն չի մնացել նաեւ Սպիտակը, դեռ երկար ժամանակ իրենց հետքն են թողնելու բոլորիս սրտում, բայց մենք պետք է կարողանանք հավատով լցվել ապագայի հանդեպ, պետք է կարողանանք նորից ապրել եւ սիրով ու ժպիտով նշել մեր հարազատ քաղաքի տոնը։

Սիրելի՛ սպիտակցիներ,
Ետադարձ հայացք գցելով մեր քաղաքի անցած տարիներին՝ պիտի նշեմ, որ բազում փորձություններն ու դժվարությունները հաղթահարել ենք պատվով՝ միասնականությամբ ու միմյանց նկատմամբ հավատով, ուստի հիշենք եւ երախտագիտության խոսքեր հղենք բոլոր նրանց, ովքեր իրենց տքնաջան աշխատանքով, նվիրումով ու մեծ սիրով արել են հնարավորը՝ Սպիտակը շենացնելու եւ ավելի գեղեցկացնելու համար։
Այո՛, հիշենք ու գնահատենք բոլորին, արժեւորենք այն ամենն, ինչ ստեղծվել է մեր քաղաքի պատմության ընթացքում եւ նաեւ այնպես անենք, որ մեզնից յուրաքանչյուրն այսուհետ իր պատասխանատու մոտեցումներով ու գաղափարներով Սպիտակի շենացման ու զարգացման գործի մասնիկը դառնա։

Շենացնենք մեր քաղաքը նոր մտահղացումներով ու գործերով, լինենք խոսքի ու կարեւորը՝ գործի վարպետներ, որ մեր ստեղծածը դառնա մնայուն արժեք մեր քաղաքի համար։

Մաղթում եմ բոլոր սպիտակցիներին կամքի մեծ ուժ, ամուր քայլերով առաջ շարժվելու վճռականություն եւ խաղաղ երկինք։ Թող սպիտակցու արդար աշխատանքը, վաստակն ու գիտելիքները, արարելու եւ ստեղծելու ուժը դառնան այն գործոնները, որոնց շնորհիվ մեր քաղաքն իր աղետն ու դժվարությունները կթողնի հիշողության մեջ։

Հպա՛րտ եմ, որ ծառայել եւ ծառայում եմ իմ քաղաքին։
Շնորհավո՛ր տոնդ, իմ Սպիտակ։
Շնորհավո՛ր տոնդ, իմ սիրելի՛ սպիտակցի»։

Մեկնաբանել