Գլխավոր ԵՐԵւԱՆ Պղնձի, մոլիբդենի խտանյութի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք կսահմանվի. Քերոբյանը ԱԺ-ում նախագիծ...

Պղնձի, մոլիբդենի խտանյութի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք կսահմանվի. Քերոբյանը ԱԺ-ում նախագիծ ներկայացրեց

0

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Նիստի օրակարգում չորս հարց է: Մինչ օրակարգային հարցերին անցնելը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել երեկ հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայողի հիշատակը:

Այնուհետեւ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը: Նրա խոսքով՝ սույն օրենքի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (պղնձի և մոլիբդենի խտանյութ, ֆեռոմոլիբդեն) արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։

Ներկայացնելով նախագծի հետ կապված ընթացիկ վիճակը, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։

«Մասնավորապես՝ սկսած 2020 թվականի ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում սկսած 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7,500 ԱՄՆ դոլարը, իսկ ներկայումս այն կազմում է 9,225 ԱՄՆ դոլար։ Մոլիբդենը սկսած 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն գին՝ 24,000 ԱՄՆ դոլարի չափով։ Ըստ մեր ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 7500 ԱՄՆ դոլարի պարագյում հաշվարկված պետական տուրքի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։ Վերը նշված գնային արտաքին պահանջարկը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար, ինչը կարող է ամուր նախադրյալներ ստեղծել ոլորտի հետագա արդիիականացման և միջազգային պահանջներին համապատասխան հանքարդյունաբերական և լեռնամետալուրգիական համալիր ձևավորելու համար»,-նշեց նախարարը:

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնելոգիաների կիրառմամբ արտադրություններ՝ առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (այսուհետ՝ լիցենզիա) տրամադրելու համար։ Ակնկալվում է, որ լիցենզիայի տրամադրման առաջարկվող դրույքաչափերը կգործեն միայն նշված մետաղների բարձր գնային միջակայքերում, իսկ հետագայում, կախված համաշխարհային շուկայում այդ մետաղների պահանջարի փոփոխությունից (օրինակ՝ պղնձի բորսայական գնի 7.5 հազ. ԱՄՆ դոլարի շեմը, իսկ մոլեբդենի պարագայում՝ 20 հազ. ԱՄՆ դոլարի շեմը չգերազանցելու դեպքում՝ կվերանայվեն առաջարկվող դրույքաչափերը դեպի նվազում)։

Մեկնաբանել