Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

0

Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց հանդիպիպում, որի ընթացքում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների եւ իրավապահ մարմինների ղեկավարներին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին, մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատանքում։

««Գիտեք, որ երկար ժամանակ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզում պատասխանատու դերակատարում է ունեցել ջրային ոլորտում: Իր լավ աշխատանքի արդյունքներով պայմանավորված՝ պարոն Սարգսյանը խրախուսվել է եւ զբաղեցրել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը: Ես շնորհավորում եմ պարոն Սարգսյանին՝ այս խիստ պատասխանատու փուլում մարզպետի պաշտոնը ստանձնելու համար եւ ատրաստակամություն հայտնում աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցում, որն իր դրական նպաստը կունենա մարզի զարգացման գործում»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Այնուհետեւ փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Գնել Սանոսյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար եւ նշեց, որ նաեւ այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Սանոսյանը նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար:

«Ես կարծում եմ, որ սա մեծ պատիվ է մարզի համար, բոլոր պաշտոնյաների համար եւ ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի հանրապետությունում աշխատանքը խրախուսվում է եւ լավ աշխատողը պաշտոնական սանդղակում առաջ բարձրանալու հնարավորություն է ստանում»,- նշեց նա:

Գնել Սանոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սուրեն Պապիկյանին՝ այս երեք տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզպետի, իսկ այս պահին արդեն՝ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար: Նա միաժամանակ հաջողություն մաղթեց Կարեն Սարգսյանին Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու համար, համոզմունք հայտնելով, որ մարզպետը ջանք ու եռանդ չի խնայի հաջողություններ արձանագրելու, ի շահ մեր մարզի եւ Հանրապետության:

«Մեծ պատիվ է որոշակի ժամանակ զբաղեցնել մարզպետի պաշտոնը եւ փորձել մարդկային կարողություններով, որակներով, գիտելիքներով եւ փորձով օգտակար լինել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ընձեռված հնարավորության համար, որ տրվեց ինձ երեք տարի: Բավական բարդ ժամանակահատված ապրեցինք, բայց մյուս կողմից բավականին մեծ ձեռքբերումներ ունեցանք մարզի համայնքներում, մարզային ենթակայության տարբեր կառույցներում: Ուզում եմ բոլորիդ այդ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել, նաեւ շնորհակալություն հայտնել այն լավ մթնոլորտի համար, որ կա մարզում՝ շնորհիվ բոլոր կառույցների: Թող այդ ծանր ժամանակահատվածը մնա անցյալում եւ նոր մարզպետի գլխավորությամբ մարզում անընդհատ ունենանք զարգացման նոր հնարավորություններ, նոր ձեռքբերումներ»,- նշեց նախարարը:

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին վստահության համար եւ հավաստիացրեց, որ ջանք ու եռանդ չի խնայի, ոլորտային շատ ու շատ խնդիրների լուծում տալու հարցում:

 

«Շնորհակալ եմ այս բարձր եւ պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Իմ համար իրոք մեծ պատիվ է Գեղարքունիքի մարզը ղեկավարելը: Վստահեցնում եմ ձեզ, որ մեր առջեւ դրված բոլոր խնդիրները կլուծվեն պատշաճ, մարզը կզարգանա ՀՀ Կառավարության ծրագրին համահունչ եւ նախընտրական բոլոր խոստումները, մարզում կյանքի կկոչվեն տեսանելի ապագայում»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը:

Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը շնորհավորեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, հաջողություն եւ բեղմնավոր աշխատանքային գործունեություն մաղթելով նրանց:

Սեւակ Խլղաթյանը Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային ենթակայության կրթամշակութային եւ առողջապահական հիմնարկների, ՏԻ մարմինների, մարզի իրավապահ մարմինների ղեկավարների անունից շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանին՝ խնդիրների համատեղ հաղթահարման, համագործակցված եւ արդյունավետ աշխատանքի համար:

Մարզպետարանի գլխավոր քարտուղարը խոսելով նորանշանակ մարզպետի մասին, նշեց, որ Կարեն Սարգսյանը լինելով Գեղարքունիքի մարզից՝ քաջատեղյակ է մարզի խնդիրներին, իսկ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը պատրաստակամ է նորանշանակ մարզպետի հետ ապահովելու մարզպետարանի բնականոն աշխատանքը՝ ի նպաստ այդ խնդիրների հաղթահարման»,- նշված է հաղորդագրությունում:

 

 

 

 

Մեկնաբանել