Գլխավոր Մարզեր Մարզպետարանները՝ առաջատար, ԿԳՄՍՆ-ն՝ վերջին հորիզոնականում. ինչպիսին է պատվաստումների ցուցանիշը պետական կառավարման համակարգում․armdaily.am

Մարզպետարանները՝ առաջատար, ԿԳՄՍՆ-ն՝ վերջին հորիզոնականում. ինչպիսին է պատվաստումների ցուցանիշը պետական կառավարման համակարգում․armdaily.am

0

ArmDaily.amը հարցում էր ուղարկել Կառավարության աշխատակազմ՝ պարզելու, թե պետական գերատեսչությունների աշխատակիցներից քանիսն են պատվաստված եւ ինչ պատկեր է։

Մեր հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի սոցիալական վարչությունից հայտնեցին. «Պատվաստումների վերաբերյալ տեղեկատվությունը Վարչապետի աշխատակազմում ամփոփվում է ամսական պարբերականությամբ, եւ 31.08.2021 թվականի դրությամբ պետական կառավարման համակարգի մարմինների կենտրոնական ապարատների եւ մարզպետարանների 8823 աշխատակցից պատվաստվել է 7197-ը կամ նշված աշխատակիցների 81.6 տոկոսը։ Վարչապետի աշխատակազմում 31.08.2021թ. դրությամբ պատվաստվել են աշխատակազմի ղեկավարը եւ բոլոր տեղակալները, 479 աշխատակցից պատվաստվել է 449-ը կամ նշված աշխատակիցների 93.7 տոկոսը։

Կից ներկայացվում է ցանկը՝ ըստ գերատեսչությունների, որը չի ներառում Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության ծառայողների տեղեկատվությունը՝ հաշվի առնելով, որ այն պարունակում է պետական գաղտնիք»։

Կառավարության տրամադրած տվյալներով պատվաստվել են Վայոց ձորի մարզպետարանի գրեթե բոլոր աշխատակիցները՝ ընդհանուր 74 աշխատակցից պատվաստվել է 73-ը։ Սանդղակի առաջատարները մարզպետարաններն են, վարչապետի աշխատակազմը, ՊԵԿ-ը։ Նախարարություններից առաջատար է Առողջապահության նախարարությունը, որը ներկայացված տվյալներով՝ 9-րդ հորիզոնականում է. ընդհանուր 105 աշխատակցից պատվաստվել են 93-ը։

Պատվաստվածության բարձր ցուցանիշով նախարարություններից հաջորդը ֆինանսների նախարարությունն է՝ 342 աշխատակցից պատվաստվել է 296-ը։ Ներկայացված ցուցակում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը իր գերատեսչություններով վերջին հորիզոնականում է. ընդհանուր 280 աշխատակցից պատվաստվել է 198-ը։

Վերջին հորիզոնականներում է նաեւ Սյունիքի մարզպետարանը՝ ընդհանուր 103 աշխատակցից պատվաստվել են 82-ը։

Մեկնաբանել