Գլխավոր Հասարակություն ՌԴ արխիվներում պահվում են նաեւ 1926 թ. ներհանրապետական քարտեզները, երբ դեռ արհեստական...

ՌԴ արխիվներում պահվում են նաեւ 1926 թ. ներհանրապետական քարտեզները, երբ դեռ արհեստական անկլավներ չէին ձեւավորվել․ «Հայաստանի Հանրապետություն»

0

Մինսկի խմբի համանախագահող երկրները հետպատերազմյան ժամանակաշրջանի համար վերջերս Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, վերջերս անդրադառնալով արցախյան հարցին, նշել էր, որ ԱՄՆ-ն Արցախի հակամարտությունը համարում է չկարգավորված, քանի դեռ կարգավորված չէ կարգավիճակի հարցը, հետեւաբար, իրենք կշարունակեն այդ հարցը պահել Մինսկի խմբի օրակարգում, իսկ փոխդեսպան Չիպ Լեյթինենն այցելել էր Սյունիք՝ տեղում դիտարկելու քաղաքացիների անվտանգությունը ճանապարհներին եւ տնտեսական հարցեր: Սրան զուգահեռ երկու օր առաջ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց՝ Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը եւ Բաքուն կարձագանքեն սահմանազատման հարցերի վերաբերյալ առաջարկներին: «Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի որոշակի հատվածներում տիրող իրավիճակին: Գործընթացների զարգացումը մեկ անգամ եւս ընդգծում է սահմանազատման եւ դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը»,- ասել էր Զախարովան եւ հիշեցրել, որ այդ հարցի վերաբերյալ ՌԴ-ն առաջարկներ է ներկայացրել ինչպես Բաքվին, այնպես էլ Երեւանին:

Ռուսական կողմն այս դեպքում, ամենայն հավանականությամբ, նկատի ունի իր արխիվներում պահվող ԽՍՀՄ քարտեզները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վերջերս հայտարարեց, որ սահմանազատման եւ սահմանագծման հարցերը ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ձեւաչափի օրակարգում են: Այն, որ վաղ թե ուշ երկրների միջեւ սահմանները հստակեցվելու են, քննարկման առարկա չէ: Այստեղ խնդիրն այդ գործընթացի իրավապայմանագրային հիմքերի մասին է:

ՌԴ-ի արխիվներում, անկասկած, պահվում են նաեւ 1926 թ. խորհրդային քարտեզները, որտեղ ամրագրված է այն քիչ թե շատ բնական սահմանագիծը, երբ ադրբեջանցիները տարբեր ճնշումների միջոցով միութենական իշխանությունների զանազան որոշումներով սահմանի տարբեր հատվածներում չէին զավթել Խորհրդային Հայաստանի տարածքները, ինչպես նաեւ արհեստական անկլավներ չէին ձեւավորվել: Պետք է պարզել, թե ինչքանով է իրավաչափ միջազգային GPS համակարգով գծված հետխորհրդային պետությունների, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանահատվածը, առավել եւս, որ այն նախկին խորհրդային շատ հանրապետությունների համար փաստացի չի գործում: Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկը նաեւ հարմար առիթ է 1920 թ. բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետությունը զավթելու հետեւանքով Ազգերի լիգայում Հայաստանի սահմանների ճանաչման կասեցված գործընթացը վերսկսելու համար: Այս տարբերակը բավականին իրատեսական է, քանի որ ներկայիս Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-20 թթ. քեմալական Ադրբեջանի իրավահաջորդը, այլ ոչ թե խորհրդային նախորդի, իսկ  20-րդ դարի սկզբում Ազգերի լիգայի հաստատմանը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ներկայացրած Հայաստանի սահմանները շատ ավելի իրականությանը մոտ էին եւ իրավական առումով հիմնավորված: Հետեւաբար, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն սկսելու հիմնական փուլը պետք է լինի իրավապայմանագրային հիմքերի հստակեցումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը:

Մեկնաբանել