Գլխավոր Մարզեր Հայաստանի 78 համայնքից 71-ը միավորված կլինեն

Հայաստանի 78 համայնքից 71-ը միավորված կլինեն

0

Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ունենալ 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված:

ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

Տերտերյանը նախ շնորհակալություն հայտնեց մասնագիտական, քաղաքացիական թիմերին, միջազգային գործընկերներին, որոնք մասնագիտական խորհրդատվական օժանդակությամբ մշտապես եղել են գործընթացում: «Վստահաբար բոլոր կարծիքները քննարկված են: Չի եղել որեւէ մի թեզ, որը մեր կողմից ուշադրության արժանացած եւ առնվազն մի քանի անգամ քննարկված չլինի»,- ասաց նա:

Փոխնախարարը հավելեց՝ դա չի նշանակում, որ բոլորն ընդունվել են՝ ամենատարբեր հիմնավորումներով, բայց դրանք լսվել եւ քննարկվել են:

«Մենք այս փոփոխություններով կունենանք վարչատարածքային բաժանման մի սխեմա, երբ կլինեն 78 համայնքներ, որոնցից 71-ը կլինեն միավորված, մեկը Երեւանն է դրանցից՝ առանձին, 6 չմիավորված համայնքներ կունենանք, որոնցից մեկը կլինի Գյումրին եւ եւս 5-ը՝ ազգային փոքրամասնությունների հետ խառը բնակեցված համայնքները, որոնց այս պահին չենք անդրադարձել»,- ասաց Տերտերյանը:

 

Մեկնաբանել