Գլխավոր Հասարակություն Մահացել է երգիչ Հայկոն

Մահացել է երգիչ Հայկոն

0

Մահացել է երգիչ, երաժիշտ Հայկոն, որը վերջին օրերին գտնվում էր հիվանդանոցում ու պայքարում կյանքի համար։

ՀՀ վաստակավոր արտիստը հոսպիտալացվել էր օրեր առաջ։ Սիրված ու տաղանդավոր երիաժիշտն առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված։

Նա 44 տարեկան է։

Հայկ Հակոբյանը ծնվել է Երեւանում՝ օգոստոսի 25, 1977թվ.-ին: Սովորել է Երեւանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցում։

1987 թ. ավարտել է Երեւանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը եւ ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։

1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։

1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին եւ դարձել հաղթող։

1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. եւ 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ 2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ եւ զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. եւ 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

Գրել է նաեւ «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։

2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։

2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։

Մեկնաբանել