Գլխավոր Հասարակություն ԱԱԾ-ն ներկայացրել է, թե ինչում են մեղադրվում Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը....

ԱԱԾ-ն ներկայացրել է, թե ինչում են մեղադրվում Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը. 2,27 մլրդ դրամի հափշտակություն

0

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը:

ԱԱԾ-ից  հայտնում են, որ նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, եւ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետեւանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաեւ ՀՀ զինված ուժերի նախկին եւ ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական եւ քննչական  գործողություններ՝ պետության առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանցավոր մեխանիզմի ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձեւով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի եւ դրա արդյունքների վերաբերյալ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն անհանդուրժողական ու հետեւողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած, ՀՀ զինված ուժերի համար անորակ եւ տեխնիկական նորմերին չհամապատասխանող զենք-զինամթերքի ձեռքբերման եւ այդ գործընթացներում թույլ տրված ապօրինությունների բացահայտման, մեղավոր բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու եւ պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

 

Մեկնաբանել