Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Տղամարդը սահմանափակել է համաքաղաքացու ազատ տեղաշարժը, պահել է իր տանը՝ ստրկությանը հավասարեցված...

Տղամարդը սահմանափակել է համաքաղաքացու ազատ տեղաշարժը, պահել է իր տանը՝ ստրկությանը հավասարեցված պայմաններում․ ՔԿ

0

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու եւ դիտավորությամբ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը տեղեկանալով համաքաղաքացու աշխատանք չունենալու եւ եկամտի այլ աղբյուրների բացակայության պատճառով նրա մոտ առաջացած վիճակի խոցելիության մասին, 2018թ. սեպտեմբերին առաջարկել է նրան Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում զբաղվել անասնապահությամբ՝ խոստանալով վարձահատույց լինել անասունների ծնած հորթերով:

Համաքաղաքացու մոտ ստեղծելով վախի զգացողություն, 48-ամյա տղամարդը  սահմանափակել է  նրա ազատ տեղաշարժը, նրան  պահել է իր տանը՝ մարդու կենցաղային մինիմալ պայմանների բացակայությամբ: Մինչեւ 2020թ. մարտի 28-ը, գտնվելով ստրկության վիճակին հավասարեցված պայմաններում, տղամարդը զբաղվել է անասունների խնամքով, կատարել նվաստացուցիչ աշխատանք, որի դիմաց որեւէ կերպ չի վարձատրվել:

Բացի այդ, 2020թ. մարտի 24-ին, տղամարդն իր տան մոտ ծեծի է ենթարկել համաքաղաքացուն՝ ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաեւ բահի երկաթյա մասով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

 

Մեկնաբանել