Գլխավոր Հասարակություն Աննա Հակոբյանը Կանանց Եվրասիական երրորդ համաժողովում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին

Աննա Հակոբյանը Կանանց Եվրասիական երրորդ համաժողովում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին

0

Սանկտ-Պետերբուրգում մասնակցեցի Կանանց եվրասիական երրորդ համաժողովին, որտեղ ելույթ ունեցա «Կանանց առաքելությունը խաղաղության եւ վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:

Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժինը, վարչապետի տիկինն ընդգծել է՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտն աստիճանական հաղթահարելու եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը բացելու նպատակով։

Այս համատեքստում նա ընդգծել է, որ կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ եւ կառույցներ խաղաղության հասնելու համար:

«Կարծում եմ, որ այսօր արդիական է համապատասխան հարթակի ինստիտուցիոնալացման գաղափարը, որի միջոցով մենք՝ Եվրասիական տարածքի երկրների կանայք, կկարողանանք արտահայտել մեր կարծիքը խաղաղության եւ անվտանգության, մեր հասարակություններում կանանց դերի, նրանց տնտեսական եւ քաղաքական ներուժի լիարժեք իրացման համար»,- նշել է Հակոբյանը:

Նշենք, որ համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը եւ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը:

Համաժողովին հաջորդել է տիկին Հակոբյանի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը, որի ընթացքում կարեւորվել է կանանց դերը խաղաղության հաստատման եւ ամրապնդման գործում:

Մեկնաբանել