Գլխավոր Հասարակություն Վիրահատությունները բարեհաջող են անցել՝ 2 վիրավորի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին...

Վիրահատությունները բարեհաջող են անցել՝ 2 վիրավորի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի պետնախարար

0

Վիրահատությունները տեղի են ունեցել, դրանք բարեհաջող են ընթացել՝ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին:

Պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Այս մասին ասված է Արցախի ՊԲ տարածած հաղորդագրությունում:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- հայտնել է Արցախի ՊԲ-ն:

Ըստ Արցախի ՊԲ մեկ այլ հաղորդագրության՝ Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, եւ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

 

Մեկնաբանել