Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Վանաձորի նախկին քաղաքապետը հաղթեց ներկայիս մարզպետին. Ի՞նչ է սպասվում առաջիկայում

Վանաձորի նախկին քաղաքապետը հաղթեց ներկայիս մարզպետին. Ի՞նչ է սպասվում առաջիկայում

0

Դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրություններին, ինչպես հայտնի է, ձայների առավելագույն թիվ 38.7% տոկոս ստացավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ:

Հաջորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ՝ 25.1%: 3-րդ տեղում, ինչպես եւ կանխատեսվում էր, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն» է՝ Վանաձորի նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ ստացել է ընտրողների ձայների 14,5%-ը:

Ընտրությունների վերջնական արդյունքներին ու քաղաքական ուժերին տրված ձայների վերջնական թվին Marzer.am-ը կանդրադառնա առաջիկայում, սակայն մի բան հստակ է, որ Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը ավելի քիչ ձայն ստացավ, քան Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Սրան զուգահեռ, տարբեր կանխատեսումներով ու շրջանառվող խոսակցություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «հույսը» ՀԱՍԿ-ի հետ կոալիցիա կազմելն է, որով էլ «կստանա» քաղաքի կառավարումը, իսկ Արկադի Փելեշյանն էլ դրա դիմաց կստանա ու կպահպանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնը:

Թե ում հետ կոալիցիա կկազմի Մամիկոն Ասլանյանը՝ դեռ հայտնի չէ: Ասլանյանն առայժմ խուսաբում է անուններ հնչեցնել: Մի բան հստակ է, որ առանց կոալիցիոն գործարքների անհնար է ստանձնել քաղաքի կառավարումը, մանավանդ, որ նախկին մարզպետը իր հարցազրույցներում կոալիցիա կազմելու վերաբերյալ լրագրողների հնչեցրած հարցերին ի պատասխան ասել էր՝ քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել: Ստացվում է՝ իշխող կուսակցության հույսը կոալիցիա կազմելն է, իսկ թե ում հետ, դա արդեն այդքան էլ կարեւոր չէ:

hetq.am-ի փոխանցմամբ՝ չնայած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը առաջատար է, սակայն  ձայները 50+ չեն, հետևաբար որոշիչ են լինելու ուժերը, որոնք անցողիկ քվե են ստացել: Ըստ նախնական հաշվարկների` մանդատների բաշխումը կատարվելու է հետևյալ կերպ`«Ասլանյան դաշինք»` 15 մանդատ, ՔՊ` 10 մանդատ, ՀԱՍԿ` 5 մանդատ, «Լուսավոր Հայաստան»` 1 մանդատ, «Ապրելու երկիր»` 1 մանդատ, «Հայրենիք»` 1 մանդատ:

Նման իրավիճակում միայն Արկադի Փելեշյանի` կոալիցիա կազմելու որոշումը բավարար չէ, եթե իհարկե նա չմիավորվի Ասլանյանի հետ: Արամ Խաչատրյանի պարագայում մեծամասնություն ստանալու համար հարկավոր է ոչ միայն Փելեշյանի, այլ մյուս երեք ուժից գոնե մեկի աջակցությունը: Մինչ ընտրությունները «Հայրենիքն» ու ԼՀԿ-ն բացառել են իշխանության հետ համագործակցությունը:

Մեկնաբանել