Գլխավոր ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՄԱՐԶՈՒՄ Շիկահողցիները չէին հավատում, որ կարի արտադրամասում կաշխատեն․ Ռոբերտ Ղուկասյանը խոստացավ ու արեց

Շիկահողցիները չէին հավատում, որ կարի արտադրամասում կաշխատեն․ Ռոբերտ Ղուկասյանը խոստացավ ու արեց

0

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը անցած տարվա մարտին, երբ սահմանամերձ Շիկահող գյուղի կարիքներն էր քարտեզագրում, գյուղացիները առաջարկեցին կարի արտադրամաս բացել։ Վարչապետի խորհրդական, աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը խոստացավ շիկահողցիներին, որ ամիսներ անց իրենք կաշխատեն գյուղի կարի արտադրամասում։ «Ճիշտն ասաց՝ չհավատացինք, մտածեցինք՝ Երեւանից ժամանած  հերթական պաշտոնյաների նման պարոն Ղուկասյանը եկավ, գրեց ու գնաց։ Էլ չենք տեսնի»,-ասում է կարի արտադրամասի աշխատակցուհի Նորետա Յուզբաշյանը՝ «մեղավորի» պես ժպտալով։

Շիկահողի գյուղապետարանի վարչական շենքը   հիմնովին նորոգվեց ու մի հարկաբաժինը հատկացվեց կարի արտադրամասին։ Ընդհանուր ծրագիրը արժեցել է մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։ Առայժմ  14 մարդ է աշխատում արտադրամասում։

Երբ անցած տարվա դեկտեմբերին սկսեց աշխատել արտադրամասը՝ աշխատակիցները պատկերացում չունեին անգամ, որ պատվերներ կունենան։ Առաջին պատվիրատուները՝   «Հայանտառ»-ի Կապանի մասնաճյուղն ու «Զանգեզուր» կենսոլորտային համալիրն են։ Շիկահողցի կանայք երկու ընկերությունների աշխատակիցների համար համազգեստ են կարում։ Չնայած սրան, կառավարությունը ի սկզբանե որոշել էր ծրագրի շարունակելիությունը  ապահովելու համար արտադրամասի աշխատակիցների   մեկ տարվա աշխատավարձը վճարել։ «Մեկ տարի նվազագույն աշխատավարձի չափն է սահմանված, եւ դրանից հետո ինչքան արտադրանք կտան՝ կմեծանա աշխատավարձի չափը։ Ես ակնկալում եմ, որ շուտով մարդիկ կկարողանան խոսել շատ մեծ աշխատավարձի մասին»,-ասում է վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը։

Օրեր առաջ վարչապետի խորհրդականի  հետ եղանք Շիկահողի կարի արտադրամասում։ «Պարոն Ղուկասյան, հնարավո՞ր է նոր կարի մեքենաների հարց լուծել,  որ գործը ավելի արագ ստացվի։ Երկու հերթափոխով ենք աշխատում, բայց ես ուզում եմ իմ հերթափոխից հետո մնալ եւ էլի աշխատել»,-վարչապետի խորհրդականին է դիմում տիկին Նարինեն։

Ռոբերտ Ղուկասյանը ժպտում է, ոգեւորվում առաջարկներից։ Արտադրամասի պատասխանատու Նարե Ղազարյանն է միջամտում զրույցին։ «Հարեւան գյուղերից աշխատանքի դիմումներ ունենք՝ 4 հոգի։ Ինչպես կարո՞ղ ենք հարցը լուծել»,-ասում է տիկին Ղազարյանը։

Նարե Ղազարյանը Marzer.am-ին խոստովանում է՝ ինքն էլ չէր հավատում, որ այսպես արագ գործը կստացվի։ Արտադրամասում աշխատող կանայք նախկինում աշխատել էին  գյուղում գործող Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղում եւ տիրապետում էին  կար ու ձեւի  հմտություններին։ Առաջին արտադրանքը՝ անկողնու պարագաներն ու սրբիչներն  արդեն շուկայականից ցածր գնով վաճառել են համագյուղացիներին։

Ցածր ինքնարժեքով վաճառքի հանելը հնարավորություն դարձավ միջազգային գործընկերների շնորհիվ, որոնք տրամադրել են հումքը։ «Առայժմ պիտակավորում չունենք,  քանակը այդքան էլ մեծ չէ ու չենք մտել շուկա։  Բայց արդեն պատվերների դեպքում պիտակավորելու ենք եւ մտնելու ենք շուկա, ունենալու ենք մեր խորհրդանշանը։ Կարծում եմ մի քանի ամիս հետո արդեն, բոլորը կգնեն  «Արտադրված է Շիկահողում» մակնշմամբ ապրանքներ»,-ասում է Նարե Ղազարյանը։

Իսկ աշխատակցուհիներից մեկը անգամ համոզված է՝  մոտ ապագայում Շիկահողի կարի ֆաբրիկայի մասնաճյուղեր բացվեն Սյունիքի այլ համայնքներում․․․

Մեկնաբանել