
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, այն է՝ Երեւան քաղաքի մի շարք երթեւեկելի հատվածներ բեռնատարներով առերեւույթ հարկադրաբար փակելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մասնավորապես, նախօրեին համացանցում տեղեկատվություն եւ տեսանյութ է տարածվել՝ 2022 թ. մայիսի 4-ին վարորդներին առերեւույթ ստիպելու միջոցով Երեւան քաղաքի Կիեւյան եւ Դավիթաշեն կամուրջների երթեւեկելի հատվածները, ինչպես նաեւ մի շարք փողոցներ բեռնատարներով փակելու վերաբերյալ:

Հիշյալ հրապարակման կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՍՊ ընկերությանը պատկանող «Iveco» մակնիշի բեռնատարի եւ «Mercedes-Benz» մակնիշի բետոնախառնիչի վարորդներն իրենց կողմից վարվող նշված ավտոմեքենաներով փակել են Երեւան քաղաքի Դավիթաշեն եւ Կիեւյան կամուրջների երթեւեկելի հատվածները, իսկ նույն ընկերության եւս երկու այլ բեռնատարների վարորդներ, որոնցից մեկը՝ «Iveco» մակնիշի բետոնախառնիչով, իսկ մյուսը՝ նույն մակնիշի բեռնատարով փակել են Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայից դեպի Կասյան փողոց գնացող եւ Դավիթաշեն կամրջի երթուղիները, որի հետեւանքով խաթարվել է նշված հասցեների բնականոն երթեւեկությունը, եւ քաղաքացիները զրկվել են բնականոն երթեւեկելու հնարավորությունից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել է համացանցում տարածված տեսանյութը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: