
2021 թվականի ընթացքում 11.7 տոկոսով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Դրան զուգընթաց հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 529 դեպք: Հաշվի առնելով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անդրազգային հանցավորության տեսակ է, որը լուրջ սպառնալիք է հանդիսանում պետության ազգային անվտանգության և բնակչության առողջության, գենոֆոնդի պահպանման համար, և վերջինիս տարածումը ունի կայուն աճի միտում, ուստի 2022 թվականը Ոստիկանությունում հայտարարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի»,- նշեց Մովսիսյանը:
Ոստիկանապետի տեղակալի խոսքով՝ 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրականացված և համակարգված լայնամասշտաբ միջոցառումների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել են 86.8 տոկոսով ավելի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:
«Նախորդ տարվա համեմատ հայտնաբերվել են 80.4 տոկոսով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր»,- եզրափակեց Վարդան Մովսիսյանը: