
Երևանյան տեսարժան վայրերը հասանելի են լիենլու «Երևան» սիթի-տուր զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսից։ Ուղերթն այս անգամ դպրոցականների համար է։ Վերջնակետը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Կրթական-ճանաչողական այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի նոր նախաձեռնությունն է։

«Ծրագրի նպատակն է, որ երևանյան դպրոցների մեր աշակերտներն ավելի լավ ճանաչեն քաղաքի պատմությունը, նաև օգտվեն համայնքային կառույցների ծառայություններից անվճար այս ծրագրի շրջանակում: Վերջին 2 շաբաթվա ընթացքում ունեցել ենք 6 այց: Առաջիկա ուսումնական տարվա սկզբում նախատեսել ենք 30 դպրոցի շուրջ 700 աշակերտի այց Երևանի մշակութային, գիտակրթական տարբեր կենտրոններ: Շեշտը դնում ենք կրթական նպատակի վրա, բայց ոչ պակաս կարևոր ենք համարում քաղաքացիական դաստիարակությունը, սոցիալական շփումները»,- ասել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի ժ/պ Մարգարիտ Խաչատրյանը:
Աշակերտներին դիմավորել և ուղեկցել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Պատանիները ծանոթացել են քաղաքի պատմությանը, թանգարանում պահվող բացառիկ, շուրջ 3 հազարամյա ցուցանմուշներին։ Էրեբունու ամրոցում աշակերտները մի պահ ճանապարհորդել են ժամանակի միջով. հենց այս բարձունքում է շրջել Արգիշտին։ Գիտելիքներով զինված պատանիները նաև փորձել են իրենց ուժերը հնագետի դերում, մասնակցել պեղումների։
«Որպեսզի թանգարանն ու ամրոցն ավելի ընկալելի լինեն դպրոցահասակների համար, կա կրթական 6 ծրագիր: Դրանցից մեկը «Արի պեղենք միասին» ծրագիրն է, որի ընթացքում երեխաները արհեստական պեղավայրում մասնակցում են պեղումների և գտնում տարբեր իրերի կրկնօրինակներ, այնուհետ փորձում դրանք տարբերակել և թվագրել»,- պատմել է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
Ծրագրին մասնակցում են Երևանի հիմնական դպրոցների 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները։ Ճանաչողական այցերը լինելու են շարունակական: Դպրոցականներին սպասում են ոչ միայն թանգարաններում, այլև կրթամշակութային ու գիտական տարբեր հաստատություններում՝ քաղաքային ջերմատանը, աղբի տեսակավորման ու վերամշակման կենտրոններում։