
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ նրա օժանդակությամբ և հսկողությամբ ՊՆ-ին են մատակարարվել ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ չեխական արտադրության հրանոթի կրակոցներ, որոնք չեն ապահովել թիրախի խոցման հեռավորություն, եղել են անարդյունավետ, և անհնար է եղել դրանցով լուծել մարտական խնդիրներ:
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
Այսպես. ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը, օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը, ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 (5 միլիոն 89 հազար) ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 (1 միլիոն 83 հազար) ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ:
Դրանք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 (5 միլիոն 89 հազար) ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 (1 միլիոն 83 հազար) ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
Միևնույն ժամանակ պարզվել է, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ կոռուպցիոն սխեմային ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ ՊՆ չափանիշներին չհամապատասխանող զինամթերքի գնման գործով անցնում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի և ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան:
Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար, որոնք վերաբերում են հենց ՊՆ չափանիշներին չհամապատասխանող զինամթերքի մատակարարմանը:
Մարտի 14-ին Վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ բավարարելով պաշտպանների բողոքը, Տոնոյանը շարունակում է մնալ կալանքի տակ: