
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Սահմանադրության օրն է:
Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ, սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ եւ միաժամանակ օրենքով պաշտպանված քաղաքացին է:
Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը որպես մեր անկախության եւ հետագա զարգացման երաշխիք, ամրագրում է իրավունքի գերակայության, օրինականության, արդարության եւ ժողովրդի իշխանության վրա հիմնված արժեհամակարգը մեր երկրում։
Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում, երբ մեզանից յուրաքանչյուրն իր ներսում այդ արժեքների կրողը լինի:
Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է: Այն, զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն իրավական դաշտը, որին ենթակա են նաեւ մեր բարոյական օրենքները:
Պետք է մտածել ու գործել ի շահ երկրի, օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից եւ պաշտպանել Սահմանադրությունը ու այդժամ երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին` ավելի վստահ, երկրի իշխանությունը` ավելի պատասխանատու եւ ավելի վստահելի:
Սահմանադրությունը եւ ժողովրդի կամքը փոխկապակցված են իրար: Այսօր ժողովուրդն է իր կյանքի, պետության զարգացման օրակարգի լիարժեք ձեւավորողը:
Այդ օրակարգը պետք է զերծ լինի զգացմունքի գերակայությունից եւ կյանքի կոչվի Սահմանադրության նկատմամբ հարգանքի հենքի վրա` որպես ազատ, ժողովրդավարական եւ ուժեղ Հայաստանի գրավական:
Միասին պետք է շարունակենք կառուցել հարգանքի վրա զարգացող Հայաստանը:
Սահմանադրությամբ եւ օրենքներով ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն եւ պարտականություն է, այլ` ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց եւ այլոց իրավունքների արժեքը:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին:
Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն եւ բարեկեցություն»: