Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Անպտղության հետ կապված խնդիրների, պոլիպի ու արգանդի խոռոչի միոմաների բուժում՝ հիստերոռեզեկտոսկոպ համալիրի...

Անպտղության հետ կապված խնդիրների, պոլիպի ու արգանդի խոռոչի միոմաների բուժում՝ հիստերոռեզեկտոսկոպ համալիրի միջոցով

0

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի վիրաբույժ-գինեկոլոգ Զորայր Բաղդասարյանի կողմից, գերժամանակակից հիստերոռեզեկտոսկոպ համալիրի միջոցով կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք ժամանակակից բժշկության, հատկապես վիրաբուժական գինեկոլոգիայի մեջ առաջինն ու միակն են Լոռու մարզում:  Marzer.am-ը թեմայի շուրջ զրուցել է վիրաբույժ-գինեկոլոգ Զորայր Բաղդասարյանի հետ:

-Բժիշկ Բաղդասարյան, ի՞նչ է հիստերոռեզեկտոսկոպիան, ո՞ր դեպքերում է ցուցվում վիրահատության այս տարբերակը:

-Անկախ տարիքից, ցանկացած պոլիպ, ժամանակակից բժշկության կանոններով,  ցանկալի է, որ  հեռացվի հիստերոռեզեկտոսկոպով: Ինչու եմ ասում անկախ տարիքից, քանի որ երիտասարդ տարիքում պոլիպները հաճախ անպտղության պատճառ են հանդիսանում: Անպտղությամբ տառապող կանանց մոտ ոչ միայն պոլիպը, այլ նաեւ արգանդի խոռոչի կպումները, միոմաները, հիմնականում հեռացվում են հիստերոռեզեկտոսկոպիկ եղանակով:

Երբ ես եկա, հիստերոռեզեկտոսկոպիան Լոռու մարզում չկար, իսկ առանց դրա չի լինում ժամանակակից գինեկոլոգիա: Ես, որ Ստեփանակերտում մի քանի հարյուր հիստերոռեզեկտոսկոպիկ վիրահատություն էի արել, ցանկություն ունեի այստեղ եւս այդ վիրահատությունները իրականացնել, սակայն անհրաժեշտ գործիքները չկային: Իմ առաջ խնդիր դրեցի, որ Լոռու մարզում, մասնավորապես «Վանաձորի բժշկական կենտրոնում» եւս պետք է իրականացվեն այդ վիրահատությունները: Դիմեցի իմ սփյուռքահայ ընկերներին, ովքեր միանգամից արձագանքեցին: Մեծ հայ բարերար Ժան Միշել Էխքելյանը նվիրեց գերժամանակակից ու թանկարժեք  Olimpus ֆիրմայի հիստերոռեզեկտոսկոպ, ու սկսեցի վիրահատություններ կատարել նաեւ այստեղ: Նպատակն է, որ լոռեցին բուժվի Լոռու մարզում, այլ ոչ մայրաքաղաքում, այդ կերպ մեր պացիենտներին զերծ կպահեինք ժամանակի կորուստից ու ֆինանսական լրացուցիչ ծախսերից:

Գներն այստեղ շատ ավելի մատչելի են, որակի առումով որեւէ կերպ չենք զիջում, հեռացրել ենք մեծ չափսերի հասնող բազմաթիվ միոմաներ, ունենք շատ լավ արդյունքներ: Բազմաթիվ չարորակ ուռուցքներ ենք հայտնաբերել վաղ փուլերում, հիստերոռեզեկտոսկոպի միջոցով բուժվել են անպտղությամբ տառապող շատ զույգեր: Կարճ ասած՝ մեծ ու կարեւոր գործ արեցինք վիրաբուժական գինեկոլոգիայում:

՞րն է հիստերոռեզեկտոսկոպի առավելությունները մյուս վիրահատատությունների նկատմամբ:

-Հիստերոռեզեկտոսկոպը  իրենից ենթադրում է օպտիկական տեսախցիկ, որով կարողանում ես տեսնել արգանդի խոռոչն ու հայտնաբերել ներարգանդային բազմաթիվ խնդիրներ,  ու դու ինչ անում ես «կույր» չես անում՝ ի տարբերություն քերուկի, որի ժամանակ մոտավոր շոշափում  ու քերում ես, իսկ հիստերոռեզեկտոսկոպով  դու տեսնում ես արգանդի խոռոչը: Հիստերոռեզեկտոսկոպը ունի նաեւ կտրելու հնարավորություն՝ բիպոլյար դանակ, ջերմային էֆեկտի ազդեցության տակ կտրում է հյուսվածքը, ինչի ժամանակ չկա պոլիպի կամ միոմայի կրկնման հավանականություն:

Ո՞վքեր եւ ինչ խնդիրներով կարող են դիմել.

-Դիմել կարող են նրանք, ովքեր ունեն անպտղություն, ցիկլի խանգարումներ առատ դաշտանի տեսքով, արգանդի զարգացման խնդիրներ(հիստերոռեզեկտոսկոպով կատարվում է նաեւ  պլաստիկա), վերացվում է միջնապատը: Ու բացի սա, անկախ նրանից, կան նշված խնդիրները, թե՝ ոչ, պետք է գալ եւ հետազոտվել, իսկ հետազոտվել՝ դա չի նշանակում, թե պարտադիր պետք է կատարվի հիստերոռեզեկտոսկոպիա: Երբ կլինի ցուցում, այդ ժամանակ էլ կնշանակվի հիստերոռեզեկտոսկոպիկ հետազոտություն՝ ախտորոշիչ եւ բուժիչ նպատակներով:

Ինչպե՞ս է կատարվում վճարումը և բնակչության  տարբեր խմբերին ինչքանո՞վ է հասանելի ծառայությունը.

Վիրահատություններն իրականացվում են նաեւ պետպատվերով, սոցփաթեթով, ապահովագրությամբ, գները, եթե համեմատենք  ՀՀ այլ վայրերի հետ, շատ ավելի հասանելի ու մատչելի են, ինչի արդյունքը՝ ՀՀ տարբեր բնակավայրերից, ինչպես նաեւ Երեւանից այցելած ու մեզ մոտ վիրահատված կանայք են: Մեկ կարեւոր հանգամանք եւս՝  հիստերոռեզեկտոսկոպիկ վիրահատությունների ավարտից հետո դեպքերի 90-95 տոկոսի ժամանակ պացիենտը նույն օրը դուրս է գրվում:

Marzer.am, Լոռի

Մեկնաբանել