Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Հարց լուծող Լենդրուշ պապը իր հարցերը լուծող է փնտրում

Հարց լուծող Լենդրուշ պապը իր հարցերը լուծող է փնտրում

0

Մի անգամ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի 83 տարեկան Լենդրուշ պապը, օգտվելով լրագրողների ներկայությունից,  բարձրացրեց   հանրային զուգարանի բացակայության խնդիրը եւ պարզաբանեց, թե ինչու են գյուղապետարանի կանայք ամեն օր աշխատանքից հետո վազելով գնում տուն․

-Ա՛յ մարդ, էս գյուղամեջում մի հանրային զուգարան չկա, գյուղապետարանի շենքն էլ իրա զուգարանը չունի, էս խեղճ գյուղապետարանի աշխատող կնանիքը թեզ վազելով տուն են գնում։

Լենդրուշ պապի այս մի նախադասությունից ձնագնդիկը գլորվեց, այնքան մեծացավ, հասավ պատկան մարմիններին, ու   նորընտիր գյուղապետի առաջին քայլը եղավ հանրային զուգարանի կառուցումը։

Առակս ինչ կցուցանե՝ ա՛յ ժողովուրդ, փաստորեն  երբեմն խնդրի լուծումը պարզապես դրա բարձրաձայնումից է կախված, հա՞։

Քանի որ Լենդրուշ պապը լուծեց եղեգնուտցիների մի մեծ խնդիր, եկեք մենք էլ, մեր ձայնը լսելի դարձնելով, փորձ անենք լուծել Լենդրուշ պապի ու իր նման շատ գյուղացիների խնդիրը։։ Մի խոսքով՝ ես ասեմ Լենդրուշ պապ, դուք հասկացեք մի ամբողջ Եղեգնուտ։

Լենդրուշ պապը Եղեգնուտի Մենձ Ուրթ սարում զբաղվում է անասնապահությամբ։ Նա ամեն օր իր՝ 1987թ․ արտադրության Վիլիսով, իր կյանքը վտանգելով (բառիս բուն իմաստով,) այդ սարսափելի ճանապարհներով հասնում է սար եւ վերադարնում։ «Սարսափելի» բառը քիչ ա նկարագրելու համար, բերեք, ես սուս մնամ, դուք նկարները նայեք ու հասկացեք։ Մենակ մի բան եմ ուզում ասեմ․ ճանապարն այնքան վատն ա, որ հաճախ այդ խորդուբորդությոններից մեքենայի արգելակները ճամփի կեսին փչանում են։   Մեր գյուղում մի թեւավոր արտահայտություն կա․ երբ վարորդին հարցնում են՝ «Ախպեր, բա որ ճամփին տոռմուզը կտրում ա, ի՞նչ ես անում», -պատասխանը հետեւյալն է, «Քաշում եմ մի հարմար տեղ, շուռ եմ տալիս»։

Լենդրուշ պապի ու Եղեգնուտի մյուս բնակիչների պես, նաեւ Փամբակ խոշորացված համայնքի 13 գյուղերի բնակչության 70 տոկոսի հիմնական ապրելու միջոցը անասնապահությունն է։ Ճանապարհների պատճառով նրանց եկամուտը չի գերազանցում ծախսերը, եւ շատ հաճախ նրանց աշխատած գումարը ծախսվում է մեքենայի վերանորոգման վրա։ Համայնքապետարանի լուծումները մինչեւ հիմա կարճաժամկետ են՝ փոսերը լցվում են ժամանակավոր, հաճախակի անձրեւներն եւ մեծ մեքենաները շատ չանցած, շարքից հանում  ճանապարհները։

Գյուղացիների հետ զրույցների արդյունքում նկատելի է, որ նրանց մեծ մասը պատրաստ է իր սեփական միջոցներից ամեն ամիս գումար տրամադրել ճանապարհների վերանորոգման համար։ Մեր գյուղի բազմամյա փորձը ցույց է տալիս, որ ամենաարդյունավետ միջոցը մեծ տեխնիկաներով ճանապարհը հարթեցնելն է, սակայն դա պետք է կրկնել ամեն ամիս։ Առաջարկում եմ մեզնից յուրաքանչյուրը իր փոքր ներդրումը կատարի, որպեսզի «ենդրուշ պապ»-երի գործը հեշտանա։ Դրա համար յուրաքանչյուրս, ասենք, կարիք կլինի, որ ճանապարհի նորոգմանը նվիրաբերի ամսական 1000 դրամ։

Մենք բոլորս Լենդրուշ պապ ենք, ժողովու՛րդ, մեր երկրում՝ շատ ու շատ գյուղերում, բնակիչների հիմնական մասի բարօրությունը կախված է Լենդրուշ «պապերից», նույնը՝ Եղեգնուտ գյուղում։ Եթե Լենդրուշ պապը սարը չգնա, Արոյի, Լյոնոյի, Սուրոյի ու Գառնոյի 40 կովերն էլ հետը չտանի, չորս ընտանիք կմնա առանց եվանլղ (կաթնամթերքները, որ տալիս են տարվա վերջում կովատիրոջը), Լենդրուշ պապի ընտանիքն էլ այդ տարի կաթնամթերք ու մսամթերք չի արտադրի, հետեւաբար ապրուստի միջոց չի ունենա ու մաքուր սնունդ շուկա չի հանի, ես ու դուք էլ էլ մաքուր սնունդ չենք ուտի, ու ոնց ասում են Եղեգնուտում՝ չմիս մար էլ վատ կըլի (բոլորիս համար էլ վատ կլինի)։

Ամեն մեկս Լենդրուշ պապ ենք, ու մեր խոսքը անցնում ա, այնպես որ, ժողովո՛րդ ջան, որպես համայնքի լիիրավ բնակիչ, եկեք պահանջենք, որ ավագանու հաջորդ նիստում քննարկվի դրամահավաքի կազմակերպման հարցը։ Իսկ եթե նորից՝ հանրային զուգարանի  պատմության պես, խնդրի լուծման համար գյուղ պարտադիր լրագրող բերել ա պետք, հավատացե՜ք, դա հեչ դըժար գորձ չի (ամենեւին դժվար գործ չէ)։

Լիանա Աղաջանյան

Մանե Հակոբյան

Մեկնաբանել