Գլխավոր Ահազանգ Սպանություն Կապանում․30-ամյա երիտասարդը ծեծել է հորեղբորը եւ այրել անկողնում․shamshyan.com

Սպանություն Կապանում․30-ամյա երիտասարդը ծեծել է հորեղբորը եւ այրել անկողնում․shamshyan.com

0

Երեկ՝ հունվարի 8-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Կապան» ԲԿ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերի տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգով ժամանել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հերթապահ խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Դ-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերիկ տեսքով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Կապանի բաժնի և Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում զարհուրելի սպանությունը տաք հետքերով բացահայտվել է և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել ու ոստիկանության Կապանի բաժին է տեղափոխվել Կապանի բնակիչ՝ 30-ամյա Մհեր Դ-ն, ով այնուհետև ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է որպես կասկածյալ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել սպանվածի տանը։ Նրա և Մհեր Դ-ի միջև վիճաբանություն է ծագել, որի ժամանակ վերջինս ծեծի է ենթարկել Սամվել Դ-ին. ձեռքին եղած տարբեր առարկաներով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին ու տեսնելով, որ նա մահացել է, հետքերը թաքցնելու նպատակով այրել է անկողինը, որի մեջ անգիտակից վիճակում է գտնվել Սամվել Դ-ն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանածը սպանվածի եղբոր որդին է։

Մեկնաբանել