Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Սպան փորձել է 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ․ վարչապետը մանրամասներ...

Սպան փորձել է 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ․ վարչապետը մանրամասներ է հայտնել 15 զինծառայողի մահվան դեպքից

0

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքից։ Վարչապետը նախ նշեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է կարգադրություն հետեւյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների եւ դրանց կանխարգելման մասին», որում հստակ հրահանգավորել է, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։

«7-րդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։ Սա զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի տված հրամանն է, եւ այս հրամանի պարզ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ վառարանը վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ միջոցների կարիք չլինի։

Վարչապետը հայտնեց, որ նախնական տվյալներով՝  զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում փորձ է արվել բենզինը օգտագործել վառարանը վառելու համար։

«Նախնական տվյալներով՝ փորձ է արվել 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ։ Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո սպան, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հույս ունի, որ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն կաշխատեն եւ ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները։

 

 


Մեկնաբանել