
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն հունիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Մարզպետը ողջունել է դեսպանի երկրորդ այցը Սյունիք, իսկ Քրիստինա Քվինը պատմել է աշխատանքային այցի նախորդ օրերին մարզի համայնքներում ունեցած հանդիպումների մասին։

Նա հետաքրքրվել է հատկապես Տեղ համայնքում ու մարզի սահմանային այլ բնակավայրերում ստեղծված ներկա անվտանգային իրավիճակով, եւ մարզպետը, պատասխանելով նրա հարցերին, ներկայացրել է ստեղծված կացութունը։
Ռոբերտ Ղուկասյանը դեսպանի հետ խոսել է հատկապես այն խնդիրների մասին, որոնք առաջացել են ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետեւանքով եւ անվտանգությունից բացի, կապված են նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվելու անհնարինության, մարդու իրավունքների, հումանիտար հարցերի հետ։
Կողմերը քննարկել են նաեւ ենթակառուցվածքների զարգացման, միջազգային տարբեր կառույցների՝ Սյունիքի հետ համագործակցության, ամերիկյան քաղաքների հետ մարզի համայնքների հնարավոր գործընկերության եւ այլ հարցեր։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կայք–էջը։