Գլխավոր Ահազանգ Գեւորգ Ալթունյանը, «DASARAN.AM»-ի սեփականատերը ու եւս երեք անձինք ձերբակալվել են. ՔԿ-ն մանրամասներ...

Գեւորգ Ալթունյանը, «DASARAN.AM»-ի սեփականատերը ու եւս երեք անձինք ձերբակալվել են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

0

Պարզվել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում վճարված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամի հափշտակության հանգամանքները։

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ  ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ եւ սահմանված կարգով նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019, 2020 եւ 2021 թվականներին կազմակերպված N ծածկագրերով թվով երեք գնման ընթացակարգերում պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Նոր …» հասարակական կազմակերպության տնօրեն, «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի եւ գնումների հայտերը նախագծած անձանց՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի եւ նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Առերեւույթ հանցավոր արարքներ կատարելու համար 2023 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գ.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «Նոր …» ՀԿ տնօրեն Ս.Ա.-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության կազմակերպչական բաժնի պետ Կ.Պ.-ին, նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ին։

Նույն օրը որոշում է կայացվել վերջիններիս ձերբակալելու մասին։

Միջնորդություն է ներկայացվել Դատարան` Գ.Ա.-ի, Ս.Ա.-ի, Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել