Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունը ապահովված է ամենագնաց մեքենաներով
Անտառային տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաեւ հրդեհի բռնկման դեպքում արագ արձագանքելու գործում իր ներդրումն է ունենալու նորաստեղծ Էկոպարեկային ծառայությունը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի եւ վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը նշեց, որ կանխարգելիչ աշխատանքները մի քանի ուղղություններով են՝ իրազեկում, պատասխանատվություն, տեխնիկական հագեցվածություն։
«Ծառայությունը համալրվել է հակահրդեհային գույքով։ Օրինակ, Սյունիքի մարզային վարչությունը ապահովված է ամենագնաց մեքենաներով՝ կահավորված հատուկ համակարգով՝ 500 լ տարողությամբ ջրի բաքերով, բարձր ճնշման պոմպերով, ռետինե խողովակներով։ Քանի որ անտառային ճանապարհները դժվարանցանելի են, մասնագիտացված տեխնիկան դժվար է կարողանում մոտենալ հրդեհի օջախի տարածք, այդ առումով գործընթացը կազմակերպվելու է ամենագնաց մեքենաներով»,-ասաց Էդուարդ Կարապետյանը։
Վերջինս նշեց, որ եթե քաղաքացու գործողություններով պայմանավորված անտառային տարածքում հրդեհ բռնկվի, ապա օրենքով նախատեսված է տուգանք 200 հազար դրամի չափով։ Հետեւաբար, հակահրդեհային նորմերի պահպանումը օրենքով պարտադիր է բոլոր քաղաքացիների համար։
«Եթե գտնվում եք բնության գրկում ցանկանում եք խարույկ վառել, ապա դա պետք է անել դրա համար հատուկ նախատեսված հատվածում։ Ավարտին անպայման պետք է համոզվել, որ կրակը մարվել է, պետք է կուտակված աղբը պարտադիր հավաքել, ապակե տարաներ չթողնել»,- նշեց նա։
Էդուարդ Կարապետյանն ընդգծեց, որ անտառային տարածքներում հրդեհների հասցրած վնասը բավական մեծ է լինում։ Այն մեծ վնաս է հասցնում էկոհամակարգին, իսկ վերականգնումը լինում է դժվար ու դրա համար պահանջվում է երկար ժամանակ։
Նշենք նաեւ, որ Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բուսածածկ եւ խոտածածկ տարածքներում հրդեհների թիվը նկատելի ավելացել է․ գրանցվել է հրդեհի 2096 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 787 դեպքի համեմատ։
Խղճի ու կրոնի ազատությանն առնչվող հարցերը պետք է կարգավորվեն պետություն-կրոնական կազմակերպություն փոխգործակցությամբ.vՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ։ Հայտարարության մեջ ասված է․
Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու այդ համատեքստում կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման կարեւորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից բոլոր գործընթացների շրջանակներում հետեւել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին եւ յուրաքանչյուր իրավիճակում խստորեն պահպանել դրանք։
Ավելին, քանի որ այժմ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին, բոլոր իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ գործընթացներն անհրաժեշտ է իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձեւավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեաիրավական գործընթացները իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։ Հանրային հաղորդակցությունը նշված հարցերով անհրաժեշտ է իրականացնել՝ անհրաժեշտ զգայունություն պահպանելով։
Ավելին, բոլոր հանրային քննարկումներն անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի հստակ մատնանշմամբ։ Միջազգային իրավական մոտեցումների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի ամփոփմամբ՝ հարկ է ընդգծել հետեւյալ առանցքային հիմնադրույթները՝
կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության անքակտելի մասն է։ Թեեւ կարող է հարկ լինել, որ պետությունը ժողովրդավարական հասարակության մեջ գոյակցող տարբեր կրոնների եւ կրոնական խմբերի շահերը մեկտեղելու քայլեր ձեռնարկի, սակայն կանոնակարգման իր իրավասությունները կիրառելիս եւ զանազան կրոնների ու համոզմունքների հետ իր հարաբերություններում պետությունը պարտավոր է մնալ չեզոք եւ անկողմնակալ (Մահմեդական համայնքի Գերագույն սուրբ խորհուրդն ընդդեմ Բուլղարիայի [Supreme Holy Council of the Muslim Community v. Bulgaria])։
Հավատացյալների՝ կրոնի ազատության իրավունքը, որը նախատեսում է նաեւ այլ անձանց հետ համատեղ սեփական դավանանքն արտահայտելու իրավունքը, ենթադրում է, որ հավատացյալներին թույլ է տրվում միավորվել՝ ազատ, առանց պետության կամայական միջամտության: Իրոք, կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության անքակտելի մասն է եւ հետեւաբար մտքի, խղճի ու կրոնի ազատության երաշխավորման պաշտպանության առանցքը (Բեսարաբիայի Մետրոպոլիտեն եկեղեցին ընդդեմ Մակեդոնիայի [Metropolitan Church of Bessarabia v. Moldova]):
Պետությունը պարտավոր է հարգել կրոնական կամ համոզմունք դավանող համայնքների ինքնավարությունը՝ վերջիններիս իրավաբանական անձի կարգավիճակին հասանելիության ապահովման իր պարտականությունն իրականացնելու ընթացքում։
Բուսածածկ ու խոտածածկ տարածքներում հրդեհների թիվը աճել է
«Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բուսածածկ եւ խոտածածկ տարածքներում հրդեհների թիվը նկատելի ավելացել է։ Սա, հիմնականում մարդկային գործոնով է պայմանավորված։ Մարզերի կտրվածքով ներկայացնեմ, օրինակ, եթե Արարատի մարզում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 386 դեպք, 2024 թվականի առաջին կիսամյակում այդ թիվը եղել է 192, այսինքն, երկու անգամ ավելացել է։ Տավուշի մարզում այս տարի գրանցվել է 281, նախորդ տարի 72, գրեթե 4 անգամ ավելացել է։ Անտառային հողերի հրդեհների մասով եւս նկատելի աճ ունենք։ Նախորդ տարի գրանցվել է 5, այս տարի 20»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ փ\ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանը։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է հրդեհի 2096 դեպք, նախորդ տարի՝ 787։
Արդեն երկրորդ տարին է, որ հատուկ ներդրված համակարգի միջոցով բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը՝ sms հաղորդագրության միջոցով իրազեկում է մարզային պատկան մարմիններին, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեն։
ՀԷՑ-ի աշխատակիցներին հորդորում են հանգիստ լինել, հուլիսի 4-ին նախատեսված բողոքի ցույցը կկայանա
ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք:
Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ աշխատանքից կազատվեն «Հայաստանի էլեկտրական ցանցերի» այն աշխատակիցները, որոնք իրենց պարտականությունները կատարելու փոխարեն կզբաղվեն «քաղաքական խարդավանքներով»։
Ի դեպ, վարչապետի գրառմանը նախորդել էր «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը՝ Երեւանում կայանալիք երթի մասին՝ երկրում տեղի ունեցած անարդարությունների եւ անօրինականությունների դեմ: Նա քաղաքացիներին կոչ էր արել հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին հավաքվել Երեւանի Մաշտոցի պողոտայի Սիզնս (Մալիբու) այգու մոտ: Այնտեղից բողոքի ցույցի մասնակիցները կշարժվեն «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ պատիժ է կրում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական վարույթն ուղարկել է դատարան
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին նախագահի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ս.-ն, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, այնուհետեւ՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, օրենքով սահմանված արգելքին հակառակ, վստահված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հիմնադրելու եւ առեւտրային կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու նպատակով օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով ՀՀ կարիքների բավարարման համար Արարատի մարզի Սուրենավան համայնքում բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվեն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Մ. Բ.-ն եւ վերջինիս պատկանող կազմակերպությունները:
Ծրագրվածն իրագործելու նպատակով Ս. Ս.-ի վստահված անձ Մ. Բ.-ի մասնակցությամբ գործող ընկերությունը, Կիպրոսի Հանրապետությունում գրանցված ռուսական երկու ընկերությունների հետ համատեղ 2006 թ. փետրվարի 20-ին հիմնադրել են նոր ընկերություն: Ս. Ս.-ն, Մ. Բ.-ի միջոցով մասնակցելով նշված ընկերության հիմնադրմանն ու կառավարմանը, հանձնարարել է այդ ընկերության 50 տոկոս բաժնեմասը ձեւակերպել Մ. Բ.-ին պատկանող ընկերության անվամբ, իսկ մյուս 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ գրանցվել է ռուսական երկու ընկերությունների սեփականության իրավունքը:
Այնուհետեւ Ս. Ս.-ն Մ. Բ.-ից պահանջել է հիմնադրված նոր ընկերության՝ վերջինիս պատկանող բաժնեմասի 22,5 տոկոսը որպես կաշառք փոխանցել իր եղբորորդու եւ ՀՀ երկրորդ նախագահի որդու կողմից հիմնադրված ընկերությանը: Կատարելով Ս. Ս.-ի պահանջները՝ 2008 թ. մարտի 14-ին Մ. Բ.-ն իր ընկերության բաժնեմասի նշված մասը ձեւական գործարքի միջոցով վաճառել է հիշյալ անձանց ընկերությանը, ինչպես նաեւ նոր հիմնադրված ընկերությունում կատարել է ներդրում:
2013 թ. վերը նշված նոր հիմնադրված ընկերության գործունեության ձախողման պատճառով օտարերկրյա ներդրող կազմակերպությունները նպատակադրվել են վաճառել նշված ընկերությունում իրենց բաժնեմասերը, ինչով պայմանավորված՝ Ս. Ս.-ն, փաստացի կառավարելով նշված գործընթացը, հանձնարարել է Մ. Բ.-ին դիմել ՀՀ-ում գործող, իր մտերիմին պատկանող բանկային կազմակերպությանը՝ 14.000.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար եւ վերադարձնել ռուսական երկու ընկերությունների կատարած ներդրումները, ինչը վերջինս կատարել է: Դրանից հետո Ս. Ս.-ն Մ. Բ.-ի հետ նպատակադրվել է վաճառել վերջինիս պատկանող կազմակերպությունների, այդ թվում՝ նոր հիմնադրված ըկերության ակտիվները: Միեւնույն ժամանակ Ս. Ս.-ն որոշել է նշված գործարքը ծառայեցնել իր դստեր ամուսնու եւ նրա հետ փոխկապակցված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից ծավալվող գործունեությանը նպաստելուն:
Արդյունքում Մ. Բ.-ն հիմնադրել է նոր ընկերություն, որին փոխանցվել են մյուս ընկերությունների ակտիվները, այդ թվում՝ Երեւանում եւ մարզերում գտնվող 23 բենզալցակայանները, նավթամթերքի բազան եւ Արարատի մարզի Սուրենավան համայնքում գտնվող՝ բիտում արտադրող գործարանը: 2015 թ. օգոստոսի 22-ին Ս. Ս.-ի դստեր ամուսու հետ փոխկապակցված ընկերությունը 40.000.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Մ. Բ.-ի հիմնադրած նոր ընկերության 100 տոկոս բաժնեմասը, ինչով պայմանավորված՝ հնարավորություն է ստացել ՀՀ բենզինային վառելիք ներկրելու մենաշնորհ ստանալ: Դրանից հետո Ս. Ս.-ն Մ. Բ.-ից պահանջել է իր եղբորորդու եւ ՀՀ երկրորդ նախագահի որդու ընկերությանը նախկինում որպես կաշառք ձեւական գործարքով փոխանցված 22,5 տոկոս բաժնեմասի դիմաց ՀՀ երկրորդ նախագահի որդուն տալ առանձնապես խոշոր չափերով՝ 6.000.000 ԱՄՆ դոլար, որից հետո Մ. Բ.-ն վերջինիս նախաձեռնությամբ իրեն ներկայացված կեղծ փոխառության պայմանագրի հիման վրա նրա ընկերությանն է փոխանցել նշված առանձնապես խոշոր չափերով գումարը:
Նախաքննության ընթացքում Ս. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան» - նշված է հաղորդագրության մեջ:
ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովը հուլիսի 2-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց երեկ քննարկված մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաեւ ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, 30 պատգամավոր դեմ էր։
Հետաքրքիր է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավոր չնայած բացակա էին, բայց գրություններ էին թողել իրենց քվեարկության մասին։
Ազգային ժողով կանոնակարգ-օրենքով սահմանված ընթացակարգով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջական ընդունելու համար քվեարկությունը տեղի կունենա 3 ժամ հետո։
ԱԱԾ-ն <Տաշիր> ընկերության երեւանյան գրասենյակում է
Գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում այս պահին խուզարկություններ են ընթանում՝ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են լրատվամիջոցներից։
Լարված իրավիճակ է <Տաշիր> ընկերության գլխավոր գրասենյակում։
Aravot.am-ը ուղիղ հեռարձակում է ապահովվել գրասենյակի բակից։ Առաջարկում ենք հետեւել իրադարձությունների զարգացմանը՝ Aravot.am-ի ուղիղ հեռարձակմամբ։
Ապօրինի ընդերքօգտագործման 6 դեպք՝ Սյունիքի մարզում
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Սյունիքի մարզում արձանագրել են ապօրինի ընդերքօգտագործման 6 դեպք։
ԲԸՏՄ-ից հայտնում են, որ Գորայք, Քարահունջ, Որոտնավան, Հարժիս, Անգեղակոթ, Շինուհայր բնակավայրերի վարչական տարածքներում կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր՝ 16.95 հա տարածքից իրականացվել է շուրջ 1470000 խմ հրաբխային խարամանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։
Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ՝ 33.864.713 ՀՀ դրամի չափով։
Վարչական վարույթի նյութերով առերեւույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Ըստ վարչապետի՝ քաղաքական խարդավանքներով զբաղված աշխատակիցները կազատվեն աշխատանքից․ «ՀԷՑ»-ը դեռ որեւէ հանձնարարական չի ստացել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ «Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։
ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։
Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազտվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- գրել է Փաշինյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն էլ հայտարարություն է տարածել, ըստ որի ՀԷՑ-ի պտասխանատուները մշտապես կապի մեջ են ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ: «Մայիսի 20-ից մինչեւ հունիսի 18-ը բազմաթիվ շփումներ են եղել ՀԷՑ ընկերության եւ նշված կառույցների հետ, սակայն որեւէ հանձնարարականի ակնարկ անգամ Ընկերությունն իր գործունեության հետ կապված չի ստացել»,–ասված է հայտարարության մեջ։«Մայիսի 20-ից մինչեւ հունիսի 18-ը բազմաթիվ շփումներ են եղել ՀԷՑ ընկերության եւ նշված կառույցների հետ, սակայն որեւէ հանձնարարականի ակնարկ անգամ Ընկերությունն իր գործունեության հետ կապված չի ստացել»,–ասված է հայտարարության մեջ։
«Սերժականները հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր. եկեղեցու հայրենիքը Հայաստանն է». Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքին, թե Մայր Աթոռը պետք է տեղափոխել Հայաստանից:
«Փաստորեն սերժականները (մեջբերված անձը ՀՀԿ նախկին պատգամավոր է) հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր:
Առանց շատ խորանալու ուզում եմ ասել, որ, ո՛չ, հարգելի՛ սերժականներ, Մայր Աթոռը չի տեղափոխվելու այլ երկիր: Մայր Աթոռը մաքրվելու է ձեր կամակատարներից ու մնալու է Հայաստանի Հանրապետությունում:
Գուցե Կտրիճ Ներսիսյանը ու ձեր հայրենիքը Հայաստանը չեն, բայց եկեղեցու հայրենիքը հաստատ Հայաստանն է:
Եկեղեցու պաշտպաններիս տեսեք: Աստված հեռու պահի եկեղեցին ձեր նման պաշտպաններից»,- գրել է Ռուբինյանը:
Տաթեւ համայնքի բնակիչները խնդրանքով դիմել են Նիկոլ Փաշինյանին․ նրանք մտահոգված են Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի քրեական գործով
Տաթեւ համայնքի բնակիչները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ակնկալում են արդար եւ անաչառ քննություն՝ Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի գործով։
«Մենք՝ Տաթեւ համայնքի բնակիչներս, խորապես մտահոգված ենք Տաթեւ գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի կալանավորման փաստով։
Գոռ Մինասյանը տարիներ շարունակ հանդիսացել է մեր համայնքի զարգացման առաջատար դեմքը, առաջնորդը՝ ցուցաբերելով բացառիկ նվիրվածություն, նախաձեռնողականություն եւ հետեւողական աշխատանք համայնքի կենսական խնդիրների լուծման գործում։
Նրա ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ՝
Բարեկարգվել են ճանապարհները եւ իրականացվել են ենթակառուցվածքային բարելավումներ,
Ստեղծվել են հասարակական տարածքներ՝ համայնքային միջոցառումների եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար,
Աջակցություն է ցուցաբերվել տեղահանված ընտանիքներին՝ բնակարանային, սոցիալական եւ իրավական հարցերում,
Իրականացվել են երիտասարդական, կրթական եւ բնապահպանական նախաձեռնություններ՝ ուղղված համայնքի զարգացմանը եւ ներառմանը։
Գոռ Մինասյանը Տաթեւում զարկ է տվել տնտեսությանը՝ խոշոր ներդրումներ կատարելով տնտեսության տարբեր ճյուղերում
Տաթեւ համայնքի բնակիչները գնահատում են Գոռ Մինասյանի ներդրումը եւ բարձր վստահություն ունեն նրա ազնվության ու պրոֆեսիոնալիզմի նկատմամբ։ Տաթեւում, Սյունիքում բոլորը ճանաչում են Գոռին, գիտեն նրա սրտացավությունն ու սկզբունքայնությունը։
Մենք դիմում ենք ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանին՝
խնդրելով ապահովել Գոռ Մինասյանի գործով արդար, թափանցիկ եւ անաչառ քննություն,
բացառել ցանկացած քաղաքական կամ անհիմն ճնշում նախաքննության եւ հետագա ընթացքի վրա։
Մենք համոզված ենք, որ արդարադատության նկատմամբ հասարակական վստահությունը պահպանվում է միայն այն դեպքում, երբ իրավական գործընթացները հիմնված են արդարության, օրինականության եւ մարդու արժանապատվության սկզբունքների վրա։
Գոռ Մինասյանը ոչ միայն մեր վարչական ղեկավարն է, այլ մեր համագյուղացին, բարեկամը, ընկերը, մեր համայնքի շարժիչ ուժը, զարկերակը։ Նրա նկատմամբ իրականացվող յուրաքանչյուր քայլ, նրա ամեն օրվա բացակայությունը բացասաբար ազդում է մեր համայնքի զարգացման, համերաշխության, միասնականության վրա։
Խնդրում ենք ականջալուր լինեք մեր խնդրանքին»,-նամակում նշել են Տաթեւ համայնքի բնակիչները։
Հիշեցնենք՝ Գոռ Մինասյանի նկատմամբ, 2025 թվականի հունիսի 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)։
Գոռ Մինասյանը երկու ամսով կալանավորվել է։