ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը խոստովանել է՝ Սյունիքում դժվար է մարդ հավաքագրել․ Մարինա Ղազարյանի հարցը գլխավոր դատախազին (տեսանյութ)
Արթուր Սարգսյանը խոստովանել է, որ շատ դժվար է մարդ հավաքագրել Սյունիքում․ ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդության քննարկման ժամանակ։
Մարինա Ղազարյանը Կապանից է, ու քանի որ Արթուր Սարգսյանն էլ Սիսիանից է, ապա տիկին Ղազարյանը հետաքրքրվել է, թե Սյունիքը ինչքանո՞վ է ընդգրկված ահաբեկչության կազմակերպման գործով։
«Կա՞ն մարդիկ, որ անցնում են այս գործով»,-հարցրել է նա։
«Սյունիքի մասով պարոն Սարգսյանը այս խոսակցությունների մեջ խոսում է 10 անձի մասին։ Եվ մտահոգություն է հայտնում, որ շատ դժվար է մարդ հավաքել Սյունիքում։ Ասում է՝ այն աստիճանի զբաղվածություն կա Սյունիքում, որ պարապ մարդ գտնելը շատ բարդ է․ բոլորը զբաղված են կամ շինարարության մեջ կամ գյուղատնտեսական աշխատանքներում»,-նշեց Աննա Վարդապետյանը՝ ավելացնելով, որ Արթուր Սարգսյանը «սովետի» ժամանակների հետ համադրում է կատարել։
«Ասում է՝ նույնիսկ «սովետի» ժամանակ այս աստիճան շինարարություն չի եղել, դպրոց են կառուցում, մարդիկ զբաղված են, ու դժվար է մարդ հավաքագրելը»,-նշեց ՀՀ գլխավոր դատախազը։
Մանրամասները տեսանյութում։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարը ինքնասպան է եղել
Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել։
Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, նախարարի մարմինը՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է Օդինցովո քաղաքային շրջանում գտնվող մեքենայում։ Տեղի ունեցածի հիմնական վարկածը ինքնասպանությունն է։
Ստարովոյտը հուլիսի 7-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել էր: Փաստաթղթում ազատման պատճառը նշված չի եղել:
Ստարովոյտը տրանսպորտի նախարարությունը ղեկավարում էր 2024 թվականի մայիսից։Մինչ այդ նա եղել էր Կուրսկի նահանգապետը։
Նրան փոխարինած նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը նշանակումից քիչ անց հրաժարական էր տվել, իսկ հետո ձերբակալվել։
Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել եւ վավերացնել. Արարատ Միրզոյան
Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN):
Իրան-Իսրայել վերջին հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ Չինաստանն ակտիվորեն խթանում է խաղաղ բանակցությունները եւ կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն։ Ինչպե՞ս եք գնահատում Չինաստանի դերը միջազգային դիվանագիտության եւ հակամարտությունների կարգավորման գործում։
Հարցին Արարատ Միրզոյանը պատասխանել է.
«Արարատ Միրզոյան. Հայաստանն, Իրանին սահմանակից, հարեւան պետություն է, եւ մենք մեծապես մտահոգված էինք ու արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ դատապարտելով միակողմանի ուժի կիրառումը՝ հարձակումը Իրանի վրա հենց առաջին օրը։ Ի դեպ, մեր դիրքորոշումը բավականին մոտ էր Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից ավելի ուշ արտահայտված մոտեցմանը։ Սա ոչ միայն մեր՝ Իրանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների հիմքով, այլեւ հաշվի առնելով հնարավոր սպառնալիքը, հնարավոր միջուկային աղտոտումը։
Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը սահմանակից պետություն է։ Մենք լրջորեն մտահոգված էինք, եւ այժմ տեսնում ենք, որ հրադադար է հաստատվել։ Հուսով ենք, որ այն կպահպանվի, եւ բոլոր խնդիրները կլուծվեն դիվանագիտական ուղիներով, բանակցությունների միջոցով։
Մենք շահագրգռվածենք մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Որպես երկիր, որը բախվել է եւ պատերազմի ոչ շատ վաղ անցյալում, վերջին մի քանի տարիների ընթացքում, մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ ոչ միայն մեր սահմաններին, այլեւ մյուս տարածաշրջաններում եւ ավելի լայն աշխարհագրությամբ։ Եվ այս իմաստով, ինչպես մենք հասկանում ենք, մեր մոտեցումները շատ մոտ են ՉԺՀ մոտեցումներին։
Մենք ունենք խաղաղության օրակարգ, որը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է։ Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ։
Մենք համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։ Այժմ պատրաստ ենք ստորագրել եւ հետո վավերացնել այս խաղաղության համաձայնագիրը։ Մենք փորձում ենք կարգավորել մեր հարաբերությունները նաեւ մեր արեւմտյան հարեւանի՝ Թուրքիայի հետ։
Պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
Ազգային ժողովն այսօր համաձայնել է քրեական հետապնդում հարուցել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ։
Փակ, գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել են 59-ը եւ բոլորն էլ կողմ են քվեարկել քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդագրերին։
Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սեւան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն, իսկ Արծվիկ Մինասյանի գործը՝ նշյալ ապօրինի գործընթացի դեմ միջոցներ չձեռնարկելուն:
«Հանգստացի, վեր ընկի տեղդ. ստեղ հարցերը մենք ենք տալիս». Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Սարգսյանին. (տեսանյութ)
Հուլիսի 7-ին Ազգային ժողովի նիստում, երբ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացնում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդության քննարկման ժամանակ խորհրդարանում իրավիճակը լարվեց։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց էր ուղղում գլխավոր դատախազին, ծիծաղի ձայներ լսվեցին։ Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին, Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Չեմ հասկանում՝ ինչի՞ վրա եք ծիծաղում։ Դրել, քննարկել եք ձեր խմբով՝ ոնց եք մարդկանց մեքենաների անիվները ծակելու, մի հատ էլ ստեղ, եկել նստել, ժպտում, ռեպլիկ եք թողնում»։ Դահլիճից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը միջամտեց․ «Լռիր դու մի հատ էդտեղ, ստեղ հարցերը մենք ենք տալիս։ Սուս մնա, իրեն խոսք է տրված՝ ինքը խոսում է։ Լռիր, նստիր տեղդ, ասում եմ»։
Արթուր Սարգսյանը արձագանքեց՝ դու ինձ չես կարող ասել։
Ռուբեն Ռուբինյանն էլ պատասխանեց՝ կարամ ասեմ, ես եմ նիստը վարում։ Արթուր Սարգսյանը դահլիճից շարունակում էր արձագանքելը, Ռուբեն Ռուբինյանը բորբոքվեց․ «Լսի, արա, հանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ»։ Վերջում նա նկատողություն հայտարարեց Արթուր Սարգսյանին։ Երբ միջամտեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, Ռուբեն Ռուբինյանը նրան ևս նախազգուշացում հայտարարեց։
Մանրամասները aravot.am-ի տեսանյութում։
Ինչի՞ մեջ է մեղադրվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով, հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:
Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի մարտի 18-ին ստացվել է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազորի պատշաճ հաղորդումն այն մասին, որ Վազգեն Պետրոսի Գալստանյանը, Արթուր Լավրենտի Սարգսյանը, Մովսես Ռուբենի Շարբաթյանը, Հայկ Սամվելի Շահնազարյանը, Տիգրան Վահեի Թոփալյանը, Իգոր Թադեւոսի Սարգսյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2024 թվականի հուլիսից 2025 թվականի մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն եւ իշխանության յուրացում:
Հիշյալ հաղորդման եւ կից ներկայացված նյութերի հիման վրա 2025 թվականի մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 58207025 քրեական վարույթը:
2025 թվականի հուլիսի 3-ին թիվ 58207025 քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ:
Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն եւ իշխանության յուրացում:
Այսպես.
Վազգեն Գալստանյանը, իր կողմից նախաձեռնված եւ ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջեւ դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, եւ այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Արթուր Սարգսյանի, Արսեն Ղազարյանի, Հայկ Շահնազարյանի, Մովսես Շարբաթյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:
Ավարտվել է Սյունիքում 2021թ․–ի ապրիլին զանգվածային անկարգությունների փորձ արած 4 անձի վարույթի նախաքննությունը
Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին եւ ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը:
Այս մասին Marzer.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի կողմից մի խումբ այլ պաշտոնատար անձանց հետ Ագարակ, այնուհետեւ Մեղրի բնակավայրերում շրջայցեր կատարելու ընթացքում Ա.Գ.-ն իր հանցավոր նպատակն իրագործելու, բնակչության շրջանում պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ դժգոհություն եւ անհանդուրժողականության մեծ ալիք բարձրացնելու, հասարակական կարգը խախտող հակաիրավական գործողություններն արդարացնելու, դրանց մեծ թափ հաղորդելու, հակաիրավական գործողությունների կատարմանը մեծ թվով անձանց ներգրավելու, մասնակիցների թիվն ավելացնելու, նրանց մոտ բռնության, գույքի ոչնչացման, վնասման եւ այլ հակաիրավական գործողություններ կատարելու վճռականություն հարուցելու, ներգրավված անձանց ավելի ագրեսիվ գործողությունների մղելու, նշված հակաիրավական գործողությունները զանգվածային անկարգությունների վերածելու նպատակով՝ ընկերության մեկ այլ դեպարտամենտի ղեկավարի հետ նախապես ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ լրատվամիջոցներից մեկի լրագրողի եւ օպերատորի միջոցով եւ տվյալ լրատվամիջոցի ներգրամամբ ապահովել է տեղի ունեցող իրադարձությունների կազմակերպված բնույթ կրող հակաիրավական գործողությունների ուղիղ հեռարձակումը:
Լրատվամիջոցի օպերատորն իր հերթին ապահովելով ուղիղ հեռարձակումը՝ զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու նպատակով ոչ թե տեսանկարահանել եւ լուսաբանել է պաշտոնական այցի մանրամասները, այլ՝ հակաիրավական գործողությունները, որն ուղեկցվել է իր եւ լրագրողի կողմից նշված հակաիրավական գործողություններն արդարացնելով, պաշտոնատար անձանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելով՝ նպատակ ունենալով բնակչությանը ներգրավել տեղի ունեցող հակաիրավական գործողություններին:
Ա.Գ.-ն այդ ընթացքում կազմակերպել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, որը դրսեւորվել է հետեւյալ գործողություններով. մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, այն է՝ բարոյականության նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի ցուցադրմամբ հրապարակայնորեն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսեւորելով հարակից շենքերի բնակիչների, հասարակական նշանակության օբյեկտների աշխատակիցների, հանդիպման եկած եւ ուղիղ հեռարձակմամբ հետեւող բազմաթիվ անձանց նկատմամբ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող եւ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող իրավապահ մարմինների օրինական պահանջներին, այլ ընդհակառակը՝ հրմշտել, քաշքշել, հարվածներ են հասցրել վերջիններիս, որը զուգորդվել է նաեւ ուրիշի գույքի վնասմամբ: Մասնավորապես՝ կատարված խուլիգանության ընթացքում վնասել են ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների վարած ավտոմեքենայի առջեւի դուռը, պատռել են Պետական պահպանության ծառայության պետի եւ աշխատակցի հագուստները, պոկել են Ոստիկանության աշխատակցի ուսադիրը, պատռել են վերջինիս համազգեստը, ինչի արդյունքում խաթարվել է հասարակական անդորրը եւ տրանսպորտի անխափան աշխատանքը, հասարակական վայրում չի պահպանվել օրինապահ եւ կայուն վարքագիծը, խաթարվել է մարդկանց ամենօրյա կենսագործությունեությունը, ինչպես նաեւ խոչընդոտվել է ՀՀ վարչապետի եւ նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ:
Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։
Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ քաշով, դեղնականաչավուն առանձնացված զանգվածներ։
Հ․Հ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից եւ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կայք-էջից։