Ականակետային պայթյունի հետեւանքով կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետեւանքով կան տուժածներ:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, ՀՀ պաշտպանության նախարարությունը կտա լրացուցիչ տեղեկատվություն։
ՄԻՊ-ի աշխատակազմը բանտերում է
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը եւ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 7-ին այցեր են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ:
Անահիտ Մանասյանը եւ ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունների հետեւանքով ազատությունից զրկված անձանց, տեղի են ունեցել առանձնազրույցներ։
Որոշ հարցեր քննարկվել են նաեւ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի ներկայացուցիչների հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հուլիսի 8-ին` այս պահին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացնում նաեւ «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ այլ քրեակատարողական հիմնարկներ:
Այցերի մանրամասները խորհրդապահական են՝ ենթակա չեն հրապարակման:
Արդյունքները կամփոփվեն եւ արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի կայքը։
Ես մեր երկրում գլուխս բարձր եմ քայլում, ոչ մեկից հայացք չեմ փախցնում, ես ոչ մեկի առաջ չեմ կզել, ոչ մի բան չեմ մուրացել, Արթուր Սարգսյան (տեսանյութ)
Ազգային ժողովը հուլիսի 8-ի արտահերթ նիստում շարունակեց քննարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։
Արթուր Սարգսյանն իր ելույթում նշեց, որ իր համար պարզ էր,` նոյեմբերի 9-ից հետո Արցախից հետո մյուս թիրախը լինելու էր Սյունիքը։ «Եվ ես ստանձնեցի պարտավորություն՝ պայքարելու այս խայտառակ պարտվողական քաղաքականության դեմ։ Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ արդյունքներից, դիվանագիտական ձախողումներից հետո մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին եւ պայքարներին մասնակցել եմ իմ ամբողջ ներուժով։ Դրա մեջ դրել եմ իմ սիրտն ու հոգին։ Ցավն այն է, որ մեր յուրաքանչյուր պայքարի պարտության առաջին ուրախացողները եղել են օրվա իշխանությունները եւ թուրք-ադրբեջանական տանդեմը։ Դա իրենք նույնիսկ արել են հրապարակային։ Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց 100 հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատի գերեզմանին գնալու հնարավորություն ունենային։ Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին»,-ասաց նա։
Երբ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց՝ Կիրանցից քայլերթով Երեւան շարժվելու մասին, պատգամավորի խոսքով՝ ինքն անմասն չմնաց։ Միացավ աահմանազատման եւ սահմանագծման խայտառակ միակողմանի գործընթացի ընդվզմանն ու համազգային Սրբազան պայքարին։
«Օրվա իշխանությունները շատ լավ են հիշում՝ 2024 թվականի մայիսի 9-ի հանրահավաքը, դա հանրահավաք էր, որից իրենց վախը հերթական անգամ դարձավ անսահման։ Ես այդ օրը գիտեի, որ իրենց վախերը հաղթահարելու համար պետք է անեն այն, ինչ անում են շուրջ 7 տարի՝ քրեական գործեր, կալանքներ։ Այս անգամ իրենք սպասեցին ավելի երկար, բայց դրանից բովանդակությունը չփոխվեց»,- ասաց Արթուր Սարգսյանը։
Ըստ պատգամավորի՝ մենք աննախադեպ բռնապետության բաստիոնում ենք ապրում, այստեղ ամեն ինչ նախապես որոշված ու հաստատված է։ «Հակառակվելու դեպքում պետք է պարզապես հարցնել Հովիկ Աղազարյանին, ինքը լրիվ կասի, թե ձեր հետ ինչ կլինի։ Եկել եք, որոշել եք կալանավորեք, կալանավորեք, ձերը էդ ա, կալանավորելը, մարդուն ճնշելն ու վախեցնելը։ Մերը պայքարելն է, թասիբն ու պատիվն է»,- հայտարարեց Արթուր Սարգսյանը։
Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ մասնավորապես նշեց, որ իշխանությունները նույնիսկ նվազագույն շնորհք չունեն՝ անմեղության կանխավարկածը հարգելու․ «Մեղադրանքն իբր ահաբեկչության նախապատրաստմանն է վերաբերում, ոչ թե ահաբեկչության փորձ, այլ նախապատրաստություն։ Պաշտոնապես ասում եմ, սիրելի հայրենակիցներ, պարզ ճակատով ասում եմ՝ չկա նման բան, չի եղել նման բան եւ չի կարա լինի որեւէ ապացույց նման երեւույթի մասին։ Մենք դուրս ենք եկել այս իշխանությունների դեմ պայքարի եւ նույնիսկ ձեր մոնտաժված ձայնագրություններից էլ պարզ է, որ մենք ձեզ հեռացնելու ենք օրենքով, չարգելված միջոցներով։ Եվ վստահ եմ՝ դա լինելու է, մեր ժողովուրդը դա տեսնելու է։ Ես մեր երկրում գլուխս բարձր եմ քայլում, ոչ մեկից հայացք չեմ փախցնում, որովհետեւ ես Արցախ չեմ հանձնել, ես չեմ ճանաչել Արցախը ինչ-որ Ադրբեջանի կազմում, ես ոչ մեկի առաջ չեմ կզել, ոչ մի բան չեմ մուրացել։ Ես թասիբով հայ տղամարդ եմ, ով արդեն հասցրել է ապօրինի կալանավորվի։ Ոչինչ, թող էլի լինի, բայց դուք սաղ կյանք հիշելու եք՝ ինչքան փորձանք ու փորձություն, ինչքան ամոթ ու դժբախտություն եք բերել մեր հայրենիք»,- ասաց պատգամավորը։
Պատգամավորի ելույթը aravot.am-ի տեսանյութում։
Ձեռնամարտ Ազգային ժողովում (տեսանյութ)
Հուլիսի 8-ին Երեւանում շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Արթուր Սարգսյանը ելույթից հետո հայտարարեց, որ ենթադրում է կալանավորման որոշումը կա, ու ինքը ժամանակ չի կորցնի։ Նա հայտարարեց, որ գնում է տուն կնոջ ու երեխաների հետ եկեղեցի այցելելու ու մոմ վառելու համար։
Արթուր Սարգսյանի ելույթից հետո կառավարող ուժի պատգամավորները ռեպլիկներ նետեցին եւ բախում սկսվեց:
Տեսանյութը՝ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։
ՀՀ քննչական կոմիտեն՝ ՀԷՑ-ում իրականացվող խուզարկությունների մասին
ՀՀ քննչական կոմիտեն մեկնաբանել է ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում եւ ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը առավոտից իրականացվող խուզարկությունները։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում եւ Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,-տեղեկացնում է քննչական կոմիտեն։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ի առավոտյան շուտ իրավապահները ներխուժել են ՀԷՑ՝ չթույլատրելով աշխատակիցներին մուտք գործել շենք։
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է ապազգային մի խմբակի կողմից և պետք ազատագրվի․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ հուլիսի 8-ին, ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւերը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը »։
Իրավապահները ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում են, խուզարկվել է նաեւ Նարեկ Կարապետյանի տունը
Ըստ news.am-ի, իրավապահները վաղ առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ, որտեղ խուզարկություններ են իրականացնում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաեւ ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, որտեղ այս պահին խուզարկություն են իրականացնում:
Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է: