Մեր Հենոն․ գորիսեցի դհոլահար Հենրիկ Տեր-Ստեփանյանն ու սաները փոքրիկ հոլովակ են թողարկել (տեսանյութ)
Գորիսեցի Հենրիկ Տեր-Ստեփանյանի մանկության երազանքն էր դհոլ նվագել։ Նրա երազանքը կատարվեց, իսկ բոլորովին վերջերս էլ Հենրիկ Տեր-Ստեփանյանը սեփական ստուդիան բացեց Heno’s Drums Studio
«Դհոլը մեր հայկական, ազգային գործիքն է, օր օրի Գորիսը դառնում է մշակութային քաղաք, ու մի փոքրիկ մշակութային ճյուղի մաս էլ դհոլն է, որ մենք փորձում ենք, ճիշտ ու հայկական ռիթմերով համեմված, փոխանցել մեր հանդիսատեսին»,- մի առիթով լրատվամիջոցներից մեկին ասել է Հենրիկը։
Մեր Հենոն՝ այսպես ասում նրան Գորիսում, համոզված լինելով, որ մի օր Հենրիկ Տեր-Ստեփանյանն աշխարհին զարմացնելու է իր կատարողական արվեստով։
Դհոլահարի հետ Marzer.am-ի հետ հարցազրույցը առաջիկայում։
Իսկ այժմ աառաջարկում ենք վայելել Հենրիկի ու ստուդիայի սաների կատարմամբ փոքրիկ տեսահոլովակ։ Այն նկարահանել է Մհեր Մաշուրյանը։
«Զարկե'ք թմբուկ, դհոլ, փչե'ք զուռնա, Հայն է պարում, թող աշխարհն իմանա... »,-այսպես է վերնագրվել հոլովակը:
Արամ Ա-ի կոչը
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ տալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ամօ՛թ է, հազա՜ր ամօթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կեանքին մէջ ստեղծուած ներկայ վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերէն լեզուի բառերը բաւարար չեն նկարագրելու իմ ցաւս ու ընդվզումս։ Յատկապէս վերջերս պարզուած մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառոյցներէն՝ Սուրբ Էջմիածինէն ու Ազգային Ժողովէն ներս, ինծի համար խորապէս ամօթալի է ու դատապարտելի։
Արդարեւ, որեւէ ազգի, եկեղեցւոյ կամ կազմակերպութեան կեանքին մէջ սխալներ, բացթողումներ, բեւեռացումներ, առճակատումներ կրնան ըլլալ. սակայն անոնք հարկ է որ քննարկուին յատուկ գործընթացքներու ճամբով եւ հանդարտ մթնոլորտի մէջ, որպէսզի կարելի ըլլայ համապատասխան լուծումներու յանգիլ»:
Ե՞րբ է քննվելու Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցն ու ո՞վ է դատավորը
Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդության քննությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին Ավան Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում («Մասիվի» դատարան, Գլուլիքեւխվյան 20)։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
Կալանքի միջնորդությունը քննելու է դատավոր Արտակ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրին:
Խորհրդարանը նաեւ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու՝ կալանավորման համաձայնություն տվեց։
Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, քրեական վարույթը գտնվում է նախնական փուլում, եւ դեռեւս չեն հարցաքննվել այն անձինք, որոնք կարող են տեղեկություններ տալ ենթադրյալ հանցագործության պլանավորման եւ իրականացման մասին։
Դատախազը նշեց, որ Արթուր Սարգսյանը մտերիմ կապեր ունի այդ անձանց հետ եւ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է ազդեցություն գործադրել նրանց վրա, խոչընդոտել վարույթին կամ ոչնչացնել գործով կարեւոր ապացույցներ։
Տաթեւի Գոռը՝ հպարտ, բայց ոչ հպարտացող․ Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անազատության մեջ է
Ֆեյսբուքի օգտատեր Մելանյա Թեւանյանը անդրադարձել է Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանին, որն այս պահին անազատության մեջ է։
Գրառումն մեջբերում ենք ամբողջությամբ․
«Սարերի պարզությամբ, ձորերի խորությամբ ու քամու ազատությամբ լի մարդ է Գոռը՝ հպարտ, բայց ոչ հպարտացող։ Նրա պարզ թվացող, բայց պատերազմներով լի կյանքը ապացուցում է՝ ինչպես ապրել Մարդ մնալով։
Համայնքի ու պետության հոգսերով շնչող, ամեն քարն իրենը համարող Գոռի շնորհիվ համայնքի սիրտը անարգել բաբախում է։ Նա մտածում է համայնքի ու պետության մասին ավելին, քան սեփական անձի։ Կարեւորելով ընդհանուրի բարօրությունը՝ Գոռը երկու նժարից ընտրում էր այն մեկը, որը լավ է բոլորի համար։
Նախանձախնդրությամբ ու նենգությամբ առատ այս դարում Գոռն օգնում է առանց ցուցադրելու, լսում է առանց դատելու, սիրում է՝ առանց պայմանների։ Նա չի անտեսում մարդկանց խնդրանքները, բաց չի թողնում իր կարիքն ունեցող մարդկանց ձեռքը։ Նա հասկանում է մարդու կարիքը՝ մինչեւ խնդրանքը։
Բայց, ինչպես ասում են՝ քամին չի փչում այնպես, ինչպես ցանկանում են նավերը. կյանքը լի է փորձություններով՝ հաճախ ոչ արդարացի։
Արդեն 17 օր է՝ համայնքի սիրտը չի բաբախում, երկյուղի մեջ է ընդհանուրի բարօրությունը կարիքավորի ձեռքը չեն բռնում եւ համայնքը զրնգացող լռությամբ սպասում է իր Գոռին, Տաթեւի Գոռին՝ սարը սարին դնող, մի բուռ հողով կշտացող։
Իր անցած ճանապարհի ու հաղթած պատերազմների մասին «մատնում են» աչքերը՝ կրակ ու բոց, չասված բառեր, արված գործեր ծրարած։
Գոռը երբեւէ չի խոսում իր կարեւորության մասին, բայց կարեւոր է բոլորիս համար։
Գոռն իմ եւ իմ ընտանիքի հարազատն է, եւ անհերքելի է, որ մեզ նման շատ-շատերի հարազատն է, իսկ հոգով հարազատ մարդկանց հետ ունեցած ընկերությունը արժեք է…
Ցանկանում եմ բոլորիդ կյանքում լինեն Գոռի նման մարդիկ, իսկ, եթե անկեղծ, Գոռի նման մարդիկ չկան… Գոռն իր անհատականությամբ եզակի մեկն է, ում պարզապես պետք է ճանաչել՝ որպես ընկեր, հարազատ, Մարդ, կամ, պարզապես, Տաթեւացի Գոռ…
Ցանկանում եմ, որ ծնկաչոք ապրողները սովորեն կանգնած մեռնել…
Ցանկանում եմ, որ մի օր աչքից էլ պրծնենք, աչքացավից էլ…
Պետությունը, մարզն ու համայնքը ունեն Գոռի կարիքը…
Ազատություն Տաթեւի Մեր Գոռին….»:
Նշենք, որ օրեր առաջ Տաթեւ համայնքի բնակիչներն էին նույնաբովանդակ բաց նամակով դիմել վարչապետին։
Հիշեցնենք՝ Գոռ Մինասյանի նկատմամբ, 2025 թվականի հունիսի 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)։
Գոռ Մինասյանը կալանավորվել է 2 ամսով։