Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում ավարտվեցին քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան ուժեղագույն չորս հավաքականները:
Չեմպիոնական տիտղոսի համար պայքարը կշարունակեն Ֆրանսիայի, Իսպանիայի, Անգլիայի եւ Արգենտինայի ընտրանիները։ Քառորդ եզրափակիչի վերջին երկու ուղեգրերը նվաճվեցին այսօր կայացած հանդիպումներում, որոնց հաղթողները որոշվեցին միայն լրացուցիչ ժամանակում:
Անգլիայի եւ Նորվեգիայի հավաքականների հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, սակայն լրացուցիչ ժամանակում անգլիացիներին 2:1 հաշվով հաղթանակ պարգեւեց Ջուդ Բելինգհեմը, ով այս խաղում դարձավ դուբլի հեղինակ եւ իր թիմին դուրս բերեց հաջորդ փուլ:
Արգենտինա-Շվեյցարիա խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով. 10-րդ րոպեին Ալեքսիս Մակալիստերը առաջ մղեց արգենտինացիներին, իսկ 67-րդ րոպեին Դան Նդոյեն հավասարեցրեց հաշիվը: Լրացուցիչ ժամանակում Արգենտինան կորզեց հաղթանակը՝ խփելով եւս երկու գոլ. 112-րդ րոպեին աչքի ընկավ Խուլիան Ալվարեսը, իսկ 121-րդ րոպեին վերջնական հաշիվը ձեւակերպեց Լաուտարո Մարտինեսը՝ 3:1:
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում հուլիսի 14-ին Դալասում կմրցեն Ֆրանսիայի եւ Իսպանիայի հավաքականները, իսկ հուլիսի 15-ին Ատլանտայում կհանդիպեն Անգլիայի եւ Արգենտինայի ընտրանիները:
0 Comments