Մայիսի 8-ը Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի շարժման միջազգային օրն է։ Այդ առիթով այսօր՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Գեղարքունիքի մարզում բացեց մարզային մասնաճյուղի նոր շենքը։
Նորաբաց կենտրոնը նախատեսված է ոչ միայն մարզային կառավարման արդյունավետության բարձրացման, այլեւ համայնքներին մարդասիրական եւ սոցիալական ծառայությունների ավելի լայնածավալ մատուցման համար։ Շենքը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ հասանելի է բոլոր խմբերի՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Գեղարքունիքի մարզային մասնաճյուղը կարեւոր դեր է ունենալու բնակչությանն առաջին օգնության, աղետների ռիսկի նվազեցման, առողջապահական եւ հոգեսոցիալական աջակցության ծրագրերի իրականացման գործում։
Այս ամսվա ընթացքում սա Հայկական Կարմիր խաչի ընկերության երկրորդ նորաբաց մասնաճյուղն է, նախատեսվում է կառուցել եւս երկու մասնաշենք Արարատի եւ Սյունիքի մարզերում։
Ծրագիրն իրականացվում է Հարավային Կորեայի ֆինանսական աջակցությամբ։
0 Մեկնաբանություն