Տաթեւ համայնքի ավագանին բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
«Հարգելի՛ պարոն Վարչապետ,
Մենք՝ Տաթեւ համայնքի ավագանու անդամներս, սույն նամակով Ձեզ ենք դիմում խոր մտահոգությամբ՝ Տաթեւ բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի կալանավորման փաստի եւ դրա հետեւանքով համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ։
2025 թվականի հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գոռ Մինասյանի նկատմամբ կալանավորման միջնորդությունը։ Թեեւ մենք չենք միջամտում իրավապահ մարմինների եւ դատարանի գործառույթներին, սակայն, որպես Տաթեւ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրված ներկայացուցիչներ, պարտավոր ենք արձագանքել այն հասարակական անհանգստությանը, որ ստեղծվել է համայնքում։
Գոռ Մինասյանը համայնքի կողմից ընկալվում է որպես արդյունավետ, բարեխիղճ եւ անմնացորդ նվիրումով աշխատող ղեկավար, որի գործունեությունն էապես նպաստել է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Նրա նախաձեռնությամբ վերանորոգվել եւ շահագործման են հանձնվել կրթական, նախադպրոցական հաստատություններ, իրականացվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվել տեղահանված եւ սոցիալապես խոցելի ընտանիքներին, ինչպես նաեւ իր ամենօրյա աշխատանքով նա նպաստում է երիտասարդական, կրթական եւ հանրային ծրագրերի կյանքի կոչմանը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Գոռ Մինասյանը մասնակցել է մարտական գործողություններին՝ միաժամանակ համակարգելով համայնքի պաշտպանության եւ կազմակերպչական աշխատանքները։ Հետպատերազմյան փուլում եւս նա դրսեւորել է մեծ պատասխանատվություն՝ Սյունիքի անվտանգային մարտահրավերների պայմաններում ցուցաբերելով անձնային եւ մասնագիտական բարձր որակներ։

Մենք չունենք հավաստի տեղեկություններ քրեական գործի փաստական հիմքերի վերաբերյալ, սակայն նշում ենք, որ Գոռ Մինասյանը ստեղծել է հանրային մեծ կապիտալ՝ վստահություն, սեր, հավատ, աջակցություն, եւ նա այն մարդն է, ով ազատության մեջ մնալով երբեք չի խոչընդոտի արդար դատաքննությանը։
Հարգելի՛ պարոն Վարչապետ,
Խնդրում ենք դիտարկել իրավական ընթացակարգերին համապատասխան նրա նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի վերանայման հնարավորությունը եւ կիրառել ազատությունից զրկման հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։ Համոզված ենք, որ նման որոշումը չի խաթարի իրավական գործընթացները, հակառակը՝ կնպաստի հանրային վստահության պահպանմանը եւ կծառայի իրավական պետության ու արդարադատության շահերին։ Միեւնույն ժամանակ այն կհաստատի, որ պետությունը հաշվի է առնում ոչ միայն որոշ մարդկանց կողմից վկայակոչված չապացուցված «փաստերը», այլ նաեւ անձի հանրային հեղինակությունը, իր պետությանը մատուցած ծառայությունները եւ առկա հանգամանքների ողջ համակցությունը։
Տաթեւ համայնքի բնակչությունը վստահում է Գոռ Մինասյանին։ Այս վստահությունը չի կառուցվել մեկ օրում, եւ այն արդարացված է տարիների հետեւողական ու մաքուր աշխատանքի արդյունքում։ Մենք հուսով ենք, որ մեր դիմումն ընկալվելու է որպես իրավաչափ մտահոգություն, պետական-հասարակական առողջ երկխոսություն՝ նպաստելով իրավիճակի համակողմանի վերլուծությանը։
Հարգանքով՝
Տաթեւ համայնքի ավագանու անդամներ
Սամվել Վլադիկի Լալայան
Տաթեւիկ Սամսոնի Դաղունց
Ռուզաննա Ռոբերտի Սարգսյան
Ասյա Արմենակի Սարգսյան
Մարատ Մասիսի Գերասիմյան
Նառա Սամվելի Վլադիմիրյան
Սեւակ Հակոբի Ալեքսանյան
Եգոր Կիմայի Փարսյան
Պարույր Արամայիսի Գաբրիելյան
Հակոբ Վլադիկի Առաքելյան»։
Նշենք, որ օրեր առաջ Տաթեւ համայնքի բնակիչներն էին նույնաբովանդակ բաց նամակով դիմել վարչապետին։
Հիշեցնենք՝ Գոռ Մինասյանի նկատմամբ, 2025 թվականի հունիսի 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)։
Գոռ Մինասյանը երկու ամսով կալանավորվել է։


0 Մեկնաբանություն