Հայաստանի կառավարությունը նոյեմբերին ծրագրում է հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը, կսկսվեն հանրային քննարկումները, կընդունվեն եւ կքննարկվեն առաջարկներ, դա կտեւի այնքան ժամանակ, մինչեւ համոզվենք, որ նոր Սահմանադրության նախագիծը բավարար քննարկված է հանրության շրջանում, որից հետո կկազմակերպենք նոր Սահմանադրության նախագծի հերթական քննարկումը»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարության առաջիկա ամենակարեւոր անելիքներից մեկն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որի համատեքստում ընդդիմության կողմից բարձրացվում է այն հարցը, թե արդյոք նոր Սահմանադրության ընդունումը երաշխավորելո՞ւ է այդ համաձայնագրի ստորագրումն ու համապարփակ խաղաղությունը:
«Եթե Հայաստանի կառավարող մեծամասնությունն այս բարձրացված հարցին հստակ դրական պատասխան տա եւ համոզիչ պատասխաններ տա նաեւ դրանից բխող հարցերին, թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ, եթե մենք այսպիսի դրական պատասխանների պայմաններում գնանք նոր Սահմանադրության ընդունման գործընթացով, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրտեղամասեր եւ կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը: Եթե ունենանք դրական պատասխաններ եւ խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ խաղաղությանը: Այդ դեպքում՝ միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը»,- նշել է նա:
0 Մեկնաբանություն