ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է, որ ԹՐԻՓՓ («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման») նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճեւան երկաթուղին, ինչպես նաեւ այդ հատվածով անցնող ավտոճանապարհը եւ էլեկտրահաղորդման գծերը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս նախագծով Հայաստանը հաղթահարում է ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումը:
«Աներկբա եւ միանշանակ է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը բոլոր ուղղություններով ապաշրջափակվելու է: Ապաշրջափակվելու է արեւելք-արեւմուտք, հյուսիս-հարավ ուղղությամբ: Բոլոր այս ուղղություններով ապաշրջափակումը չի նշանակում, որ բոլոր ենթակառուցվածքները լինելու են ԹՐԻՓՓ նախագծի մաս: ԹՐԻՓՓ նախագծի մաս են կազմելու Նռնաձոր-Կարճեւան երկաթուղին, այնտեղ նաեւ էլեկտրական հաղորդման գծեր, ավտոճանապարհ: Գազամուղ, նավթամուղ թեմաներն ավելի ուշ քննարկման հարց են»,- նշել է Փաշինյանը:
0 Մեկնաբանություն