Եթե կաթողիկոսը կարող է շոշափել վարչապետի օրգանները, վարչապետը կարող է պաշտպանվել (տեսանյութ)
«Կտրիճ Ներսիսյանի մերձավոր մարդը՝ պաշտոնապես եկեղեցու ծառայող, գրառում է անում, որ ՀՀ վարչապետը թլպատված է: Դա նշանակում է, որ ՀՀ վարչապետը սուտ է ասում, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է կամ ընդհանրապես քրիստոնյա է»:
Այս մասին հուլիսի 17-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե դեռահասների ծնողների մոտ հարց է առաջանում՝ ինչ են սովորում վարչապետի «Ֆեյսբուք»-ի գրառումների խոսույթից իրենց երեխաները, եւ հնարավոր չէ՞ ավելի քաղաքակիրթ հարցադրումներ անել:
Վարչապետն արձագանքեց՝ թեման կարեւոր է իր համար, այդ իսկ պատճառով ընտրել է մեթոդ, որից հետո քննարկումը կդադարի.
«Այս հարցերն այնքան կարեւոր են ինձ համար, ներողություն, որ ընտրում եմ ամենահամոզիչ փաստարկը, որ քննարկումը դադարի, եւ ոչ մի կոպիտ բան չկա:
Կներեք, եթե կաթողիկոսը հանրային կերպով կարող է շոշափել վարչապետի օրգանները, ինչպես Դուք եք ասում,-դիմելով լրագրողին՝ ասաց վարչապետը,- կարող է պաշտպանել իր հավատը, սկզբունքները եւ հանրության առաջ իր՝ այդ թվում՝ հոգեւոր բարեվարքությունը:
Մեկդ ինչո՞ւ չեք ասում՝ հոգեւոր ծառայության մեջ գտնվող ա՛նձ, Դուք վարչապետի օրգանների հետ ինչ գործ ունեք, բա հայորդյաց տների երեխաները ձեզնից ի՞նչ են սովորելու, Վազգենյան եւ մյուս ճեմարանների ու դպրանոցների երեխաները, ուսանողները ձեզնից ի՞նչ են սովորելու: Այսինքն՝ սա էլ այդ դեպքն է, որ վերջին հայհոյանքներն են ասում վարչապետի հասցեին, ինքն այդ ժամանակ երկրի ղեկավար չէ, հենց սկսում է պաշտպանել ինքն իրեն, մեկ էլ ասում են՝ ո՞նց, երկրի ղեկավար է, ի՞նչ է ասում:
Երբ վարչապետի օրգանների հետեւից են ընկել, այդ ժամանակ երկրի ղեկավար չէ, իսկ երբ այնպիսի փաստարկ է բերվում, որ շարունակություն չլինի, բոլորը ասում են՝ վա՜յ, ի՞նչ կարող են սովորել: Երեխաները պետք է սովորեն, որ ճշմարտությունը, արժեքները, սկզբունքները պետք է պաշտպանել»,- ասաց նա:
Տեսանյութը aravot.am-ի
Վեհարանն ազատելու եք այնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Աստված նզովում է Աստծու տունը պղծողներին (տեսանյութ)
«Որտեղի՞ց ձեր այդ տեղեկատվությունը, որ Աստված ինձ նզովել է: Իսկ գուցե նզովել եւ նզովում է նրանց, ովքեր Աստծո տունը պղծում են. իմ կարծիքով՝ տրամաբանությունը հենց դա պետք է լինի: Այսինքն՝ ինչպե՞ս կարող է նզովել Աստված նրանց, ովքեր հետեւում են իրեն, եւ ինչպես կարող է Աստված չնզովել նրանց, ովքեր պղծում են, ոտնահարում են իր արժեքները եւ իր Եկեղեցին: Սա այնքան պարզ տրամաբանություն է, որ կարծում եմ՝ ձեր ունեցած տեղեկությունները չափազանցված են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով aravot.am-ի՝ հարցին, թե Հայ առաքելական եկեղեցուն առնչվող իրադարձությունների համատեքստում Աստծո նզովքից, պատժից չի՞ վախենում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, թե ինչ պատժի են, ըստ հոգեւորականների, արժանացել օծյալներին վնասողները:
«Ես հասկանում եմ, որ քաղաքական առումով կարող է ճիշտ չհնչել այս ֆորմատում, բայց ես մի մարդ եմ, որ համարում եմ, որ ունի հոգեւոր կյանք, ունի հաղորդակցություն Աստծո հետ, հոգեւոր արժեքների հետ: Ինչպե՞ս են հաղորդակցվում Աստծո հետ, օրինակ (ուզում եմ կանխել հարցը, որը տրամաբանական կլինի): Աստծո հետ հաղորդակցվելու մի ձեւ կա՝ աղոթք, Սաղմոս կարդալ, սուրբ գրքեր կարդալ»,-ասաց նա։
Անդրադառնալով հոգեւորականների՝ իրեն ուղղված նզովքներին, Փաշինյանն ասաց, որ ինքը կարող է սաղմոսներով արձագանքել նրանց, ովքեր կարծում են, թե նզովյալները կարող են Աստծո անունից նզովել որեւէ մեկին, առավել եւս՝ իրեն, ոչ թե որպես ՀՀ վարչապետ։ «Այլ որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդ, որը (կներեք այս ինտիմ մանրամասները ձեզ հետ կիսելու համար) 30 տարի ամեն օր աղոթում է, պարբերաբար պահեցողության եւ ծոմապահության մեջ է: Եվ այն մարդիկ՝ կուսակրոն քահանաները, որոնք ասում են՝ ի՞նչ են գլուխ գովում, ո՞վ կարող է մի ամսից ավելի առանց կնոջ ապրել: Դուք գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ այդ մարդիկ, բացի նրանից, որ իրենց կուսակրոնության ուխտը խախտում են, իրենք Մեծ պահք էլ չեն պահում: Հասկանո՞ւմ եք, ուզում եք ասել, որ այդ մարդիկ կարող են ինձ նզովե՞լ: Ես կարող եմ իրենց նզովել, բայց ես չեմ նզովում իրենց: Ես ընդամենն ասել եմ, որ առաջնորդելու եմ վեհարանն իրենցից ազատելու գործընթացը: Ոչ մի նզովքի կարիք չկա, որովհետեւ քրիստոնեությունը սիրո ուսմունք է, համերաշխության ուսմունք է:
Մարդիկ հարցնում են, ասում են՝ ասել եք՝ առաջնորդելու եք վեհարանն ազատելու գործընթացը, ինչպե՞ս եք ազատելու: Այնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 2018 թվականի հեղափոխությունն էլ սիրո եւ համերաշխության հեղափոխություն էր»,-նշեց նա:
Փաշինյանի ձեւակերպմամբ, եթե քաղաքական հեղափոխությանը մասնակցելու եւ առաջնային դիրքերում լինելու իրավունք ունեն բոլոր քաղաքացիները, այս դեպքում դրա իրավունքը կունենան նրանք, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են, որոնք իրենց ամբողջ սրտով հավատում են մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, «որոնք հետեւում են Հայ Առաքելական Եկեղեցուն, առնվազն որոշակի հետաքրքրություն եւ այդպիսի ապրելակերպ ունեն, հետեւում են Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցին եւ կարգերին:
Ահա, այդ մարդկանց համախմբելով եւ այդ մարդկանց շուրջ համախմբվելով՝ մենք մեր առաքելությունն իրականացնելու ենք»,- ասաց նա եւ ամփոփելով խոսքը՝ ասաց, որ այն, ինչ նախաձեռնում է, ոչ թե ընդդեմ Եկեղեցու է, այլ հանուն Եկեղեցու:
Մանրամասները տեսանյութում։
Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների եւ ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների եւ ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում՝ եւս մեկ անգամ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին: Պաշտպանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պատշաճ բժշկական օգնության կազմակերպման համակարգային խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս նկատմամբ ստացիոնար, ոչ հոժարակամ բուժման ընթացակարգ նախաձեռնելու գործընթացում:
Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես, առողջության պահպանման եւ կյանքի իրավունքի համար պատասխանատվություն է կրում պետությունը: Ազատությունից զրկված անձանց իրավունքների, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի ապահովման հետ կապված արձանագրված խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ է անդրադառնում ինչպես տարեկան զեկույցներում, այնպես էլ իրավասու մարմինների հետ քննարկումների եւ հրապարակային հայտարարությունների շրջանակներում: Պաշտպանը եւս մեկ անգամ շեշտադրում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ազատությունից զրկման վայրերում պետք է ցուցաբերվի պատշաճ հսկողություն, մատուցվի հոգեբուժական բավարար օգնություն եւ սպասարկում:
Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների եւ ինքնավնասումների յուրաքանչյուր դեպք գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում, դրանց վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվում են պարզաբանումներ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Կառավարող ուժի «Ապագա կա, կա ապագա»-ին կփոխարինի՞ «Ապագան այսօր է» կարգախոսը (տեսանյութ)
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի վստահության քվեն ստացավ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով: Այսօր արդեն հերթական խորհրդարանական ընտրություններից 11 ամիս առաջ կարող եմ հայտարարել, որ այդ կարգախոսը իրագործվում է եւ իրագործված է: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
««Ապագա կա, կա ապագա» կարգախոսը զարգացնելով՝ հիմա արդեն ասում եմ՝ «Ապագան այսօր է», այսինքն՝ ապագան արդեն մուտք է գործել մեր իրականություն: Իհարկե, այսօրվա մեջ ապագան կատարում է իր առաջին քայլերը, բայց ակնհայտ է, որ այսօր մենք ոչ թե քայլում ենք ապագայի ուղղությամբ, այլ քայլում ենք ապագայի մեջ, եւ ապագան մեր իրականության մեջ այլեւս ոչ թե սկսվելու է վաղվանից, այլ սկսվելու է այսօրվանից: Վերջին 7 տարիներին հենց այս հայեցակարգային եւ ընկալման փոփոխությունն է տեղի ունեցել Հայաստանում, եւ սա դարակազմիկ փոփոխություն է»,- նշեց վարչապետը:
Հայաստանում այսօր էլ արտապատվիրակման դեպքեր կան, բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Մենք բոլոր այդ գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք եւ կպատկերացնենք ՀՀ ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Սա շատ կարեւոր է արձանագրել, որովհետեւ հետագա ցանկացած քննարկում տեղի է ունեցել եւ տեղի է ունենալու այս համատեքստում։ Այսինքն՝ մենք երբեք չենք ունեցել որեւէ քննարկում, որը կտրված կլինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու իրավազորության օրակարգից կամ կհակասի այդ օրակարգին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարց քննարկվո՞ւմ է։
«Հայաստանը շահագրգռված է, որ տրանսպորտային հաղորդակցությունները բացվեն, ներառյալ Հայաստանի հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ներառյալ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով, երկկողմ առեւտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ եւ տարանցիկ փոխանակում։
Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր ՀՀ–ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան։ Օրինակ «Զվարթնոց»–ի կառավարությամն արտապատվիրակված է։ Ջրային համակարգի կառավարումը արտապատվիրակված է։ Նախկինում ունեցել ենք փորձ «Հայփոստի» արտապատվիրակման։ Հայաստանի երկաթուղիների կառավարումը արտապատվիրակված է։ Այստեղ նրբությունն այն է, որ բոլոր այդ համակարգերը շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը։ Սա շատ կարեւոր է արձանագրել։
Խոսքն այստեղ այդ տնտեսությունը կառավարելու եւ դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է։
Բացի այդ, նաեւ վարձակալության մասին է խոսվում։ Քննարկվում է նաեւ հողի վարձակալության թեման։ Մեր օրենսդրությամբ, դա կոչվում է կառուցապատման իրավունք, եւ այդ իրավունքի տրամաբանությամբ, այդ իրավունքով տրվող ներդրումները այդ պայմանագրի լրանալուց հետո դառնում են Հայաստանի սեփականությունը»,–ասաց նա։
Մանրամասները aravot.am-ի տեսանյութում
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Դախխան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․Արագածավան) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
Մասնավորապես՝
- սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվում են սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ եւ գույք, որոնք հնարավորություն չեն տալիս իրականացնել դրանց լվացման, մաքրման եւ ախտահանման աշխատանքները, դրանց մակերեւույթները պատրաստված չեն չներծծող նյութերից.
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը պատրաստված չի եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից.
- սարքավորումները, գործիքները, պարագաները պատշաճ չեն մաքրվել, չեն ախտահանվել.
- սննդամթերքի արտադրությունը, տեխնոլոգիական գործելակարգը եւ տեխնոլոգիական գործընթացը չեն իրականացվում տվյալ սննդամթերքի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին համապատասխան։
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Հակոբ Սիմիդյանին փոխարինեց Համաբարձում Մաթեւոսյանը
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հակոբ Սիմիդյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,-նշված է հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահը ՇՄ նախարար է նշանակել Համբարձում Մաթեւոսյանին։
Ըստ մամուլի հրապարակումների, հնարավոր է Հակոբ Սիմիդյանը նշանակվի ՀԷՑ-ի տնօրեն։