Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին աշխարհի առաջնությունից կվերադառնա մայիսի 10-ին՝ ժամը 01:00-ին՝ Ստամբուլ-Երեւան չվերթով, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներն ավարտել են ելույթները Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել երկամարտում:
110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 364 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում Ղազարյանը գլխավերեւում պահել է 157 կգ ու 163 կգ կշռող ծանրաձողերը: Հրումում նա բարձրացրել է 193 կգ ու 201 կգ:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ գերծանր քաշային Գագիկ Մկրտչյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձեւում նա 9-րդն էր: Հրում վարժությունում, սակայն, Մկրտչյանը ձախողել է երեք մոտեցումները՝ չկարողանալով արդյունք ապահովել նաեւ երկամարտում:
Այսպիսով, Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել երկամարտում:
Երիտասարդական ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էր կանանց 77 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտում գրանցելով 240 կգ արդյունք (106+134 կգ): Նա պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել էր 100 կգ, 104 կգ, 106 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Աննան դարձել էր ոսկե մեդալակիր՝ գլխավերեւում պահելով 128 կգ, 132 կգ ու 134 կգ կշռող ծանրաձողերը:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանն արծաթե մեդալ էր նվաճել՝ երկամարտի 336 կգ (150+186 կգ) արդյունքով: Հայ ծանրորդը նաեւ դարձել էր հրում վարժության բրոնզե մեդալակիր՝ գլխավերեւում պահելով նախ 182 կգ, ապա 186 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել էր 150 կգ կշռող ծանրաձողը:
Երկամարտի բրոնզե մեդալին արժանացել էր կանանց 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 253 կգ արդյունքով (109+144 կգ): Պոկում վարժությունում Պողոսյանը երեք հաջող մոտեցում էր կատարել՝ նախ գլխավերեւում պահելով 103, ապա 106 եւ 109 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձեւում նա 5-րդն էր: Հրում վարժությունում Եվրոպայի նորընծա չեմպիոնը նախ բարձրացրել էր 137, ապա՝ 144 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա դարձյալ բրոնզե մեդալ էր նվաճել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը դարձել էր պոկում վարժության ոսկե մեդալակիր՝ 144 կգ արդյունքով: Հրում վարժությունում Գրիգորյանը հաջող մոտեցում չէր կատարել վնասվածքի պատճառով:
Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերեւում պահել էր 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձեւում նա նվաճել էր արծաթե մեդալ: Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի 301 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը դարձել էր պոկում վարժության բրոնզե մեդալակիր: Այդ վարժությունում հայ ծանրորդը սկզբում բարձրացրել էր 160, այնուհետեւ՝ 164 կգ ծանրաձողը: Հրում վարժության երեք մոտեցումները եւս Մովսիսյանը հաջող չէր կատարել եւ չէր կարողացել արդյունք ապահովել երկամարտում:
Տղամարդկանց թիմում առաջինը հանդես էր եկել 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը: Պոկում վարժությունում հայ ծանորրդը գլխավերեւում պահել է 120 կգ կշռող ծանրաձողը (15-րդ տեղ), սակայն հրում վարժությունում հաջող մոտեցում եւ երկամարտի արդյունք չէր ունեցել:
Կանանց 69 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Միսակյանը երկամարտի 209 կգ արդյունքով զբաղեցրել էր 6-րդ տեղը: Պոկում վարժությունում նա ցույց էր տվել 94 կգ, իսկ հրում վարժությունում՝ 115 կգ արդյունք:
0 Մեկնաբանություն