Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիայի ընտրանուն
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երեւանում հյուրընկալեց Ալբանիային:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղի մեկնարկային քառորդում հավասար պայքար ծավալվեց, սակայն Հայաստանի հավաքականը մեկ միավորի առավելություն ստացավ վերջում` 24:23: Երկրորդ քառորդում եւս թիմերը փոխանակվում էին գրոհներով ու պահպանում հավասարություն: Հայաստանի ընտրանուն հաջողվեց 6 միավորի առավելություն ստանալ`48:42:
Երրորդ եւ չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունն ու հաղթեց 84:79 հաշվով:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերին` հյուրընկալելով Ավստրիայի հավաքականին: Այդ խաղը կկայանա նոյեմբերի 24-ին:
Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են ելույթները Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոտբուսի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը 14.600 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Այս վարժությունում Արթուր Ավետիսյանը միայն 4-րդն է:
Նժույգ-թափերի վարժությունում Հայաստանի հավաքականից Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Փետրվարի 25-ին հենացատկի եզրափակիչում հանդես կգա Արթուր Դավթյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը կայացել էր Կահիրեում` Հայաստանի հավաքականից արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը, իսկ Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր:
23 չվերթ Երեւանից՝ Կապան
2023 թվականի ընթացքում կայացել է Երեւան-Կապան 23 չվերթ․ նշել է քաղացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Տեղափոխել է 207 ուղեւոր։ Չվերթների չեղարկում, ուշացում եղել է եղանակային պայմաններով կապված»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Երեւան-Կապան-Երեւան չվերթները նախատեսված են շաբաթական երկու անգամ եւ իրականացվում են 2023 թվականի օգոստոսի 21-ից։
Զինծառայող է մահացել
Դեռեւս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետեւանքով) փետրվարի 24-ին ժամը 17:55-ի սահմաններում մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակից ընկերներին: