Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, խոչընդոտել է ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտեմ Դոռունցը սպառնալիքի, հարկադրանքի, սեռական հայհոյանքներով համակցված եւ անօրինական այլ գործողությունների միջոցով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, այդ թվում՝ Կ. Ղ.-ին, հրահանգել եւ հարկադրել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ այդ նպատակով ընտրության գնալու հրահանգը բոլորին փոխանցել՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
Նույն օրը Կ. Ղ.-ն իրեն փոխանցված հիշյալ ապօրինի հրահանգի մասին տեղեկացրել է նաեւ այլ անձանց՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հրահանգը հասու դարձնելով վերջիններիս՝ այդ կերպ կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված ապօրինի գործողություններ:
Արտեմ Դոռունցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) եւ 210-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հանրաքվեին կամ ընտրությանը որեւէ ձեւով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով), իսկ Կ. Ղ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտեմ Դոռունցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի արխիվից
0 Մեկնաբանություն