Ներքին Հանդում ռազմական գործողությունների հետեւանքով վնասված տանիքները կնորոգվեն
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 202,150.0 հազ. դրամ գումարի չափով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով:
Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վնասվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքները, ընդհանուր 6861,5 քմ մակերեսով։
ՀՀ վարչապետը, Ներքին Հանդ բնակավայր կատարած այցի շրջանակում ծանոթանալով բնակավայրում առկա խնդիրներին, տվել է հանձնարարություն՝ շատ արագ կազմակերպել նշված բնակավայրի տների տանիքների վերանորոգման աշխատանքները:
Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է.
2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:
2024 թվականի օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։