Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորոհավորական ուղերձը՝ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ․
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, դասախոսներ, ծնողներ
Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ։
Օրն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների եւ առաջին կուրսեցիների համար, քանի որ այսօրվանից նրանց համար մեկնարկում է սպասումներով լի ուսումնական տարին, որը սկզբանկետն է գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու ճանապարհին: Ուստի, սիրելի աշակերտներ եւ ուսանողներ, շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթում համբերատար ու հետեւողական ուսումնառություն եւ բարձր առաջադիմություն, իսկ կրթության նվիրյալներին՝ մանկավարժներին ու դասախոսներին, հաջողություններ՝ սերունդների հայեցի դաստիարակության դժվարին եւ շնորհակալ գործում։
Գաղտնիք չէ, որ ժամանակակից զարգացող աշխարհում միակ կայուն եւ չարժեզրկվող հարստությունը դա գիտելիքն է, որով զինված յուրաքանչյուր մարդ կարող է թվացյալ անհնարինը հնարավոր դարձնել։ Կարող եմ ձեզ սեփական օրինակով վստահեցնել, որ գիտելիքը, նպատակասլացությունը, պատասխանատվության բարձր զգացումն ու ամենօրյա քրտնաջան աշխատանքն են այն կարեւորագույն գործոնները, որոնցով պայմանավորված են լինելու ձեր վաղվա օրվա բոլոր նվաճումները: Հետեւաբար ճիշտ եւ նպատակային օգտագործեք ձեր ժամանակն ու ստեղծված հնարավորությունները, լավ սովորե՛ք, զարգացե՛ք, կատարելագործվե՛ք եւ դարձե՛ք ձեր նախընտրած մասնագիտության մեջ լավագույնը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա առթիվ եւ հաջողություններով ու ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի եմ մաղթում բոլորիդ»:
0 Մեկնաբանություն