Մեկ Ազգ, երկու Կաթողիկոս, անմիաբան միաբանություն․Սարգիս Յազիչյան
«Միաբանություն», «միասնություն», «համախմբում». սրանք դարձել են ամենաշահարկվող խոսքերը երկու կաթողիկոսությունների շուրջ հյուսված կեղծ բեմադրության մեջ, որտեղ հոգեւոր լեգիտիմության քողի ներքո թաքնված է իշխանատենչության, փառասիրության ու վերնախավային կեղծիքի բոսոր ճշմարտությունը՝ որն օր առ օր խաբում է պարզ հավատացյալին, պառակտում հայ ժողովրդին ու համայնքները եւ մսխում ժողովրդի բարոյական ու նյութական ռեսուրսները։
Սուրբ Էջմիածնի եւ Կիլիկիոյ կաթողիկոսությունների գոյակցությունը երբեք չի եղել համախմբաված միասնություն կամ եղբայրություն։ Դա եղել է իշխանության, ազդեցության եւ փողի շուրջ շարունակվող կեղտոտ քաշքշուկ, որտեղ յուրաքանչյուրը պատրաստ է եղել հալածել իր իսկ եղբորը՝ աթոռի համար։ Այսօր այդ հինավուրց երկերեսանիությունը պարզապես անցել է HD ֆորմատի՝ ճոխ տեսահոլովակներով, սոցցանցերում կեղծ քարոզներով ու «միասնության» խաբկամիտ հռետորաբանությամբ։ Միասնության մասին ճամարտակող այս կեղծ բարեպաշտները 5 դար շարունակ ապացուցել են իրենց հոգեւոր սնանկությունը՝ յուրաքանչյուրը նստած իր պալատում՝ խաղալով «գահի արժանավոր» խաղը, մինչ ժողովրդի խղճուկ հավատքն ու համայնքային կյանքը վերածվել են խաչով քողարկված եկեղեցական բիզնեսի։
Հայ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ Կիլիկիոյ եւ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսությունների գոյակցությունը եզակի, բայց տեւական իրավիճակ է։ Սկսած վեցերորդ դարից հետո հայ ժողովրդի պատմական վայրիվերումների հետեւանքով կաթողիկոսական նստավայրը անընդհատ տեղափոխվել է՝ Դվին, Արգինա, Անի, Սեբաստիա, Թավբլուր, Ծամնդավ, Ծովք, Հռոմկլա… Այս շրջագայությունները պայմանավորված էին տարբեր հայկական իշխանությունների վերելքով ու անկմամբ։ Այդ անորոշության ֆոնին Աղթամարում ու Գանձասարում ձեւավորվեցին անկախ-ինքնուրույն կաթողիկոսություններ, որոնք հաճախ հրաժարվում էին ենթարկվել Հայոց կաթողիկոսին։ Տասնմեկերորդ դարի կեսերից, սելջուկյան արշավանքներից ու Բյուզանդիայի ճնշումներից տուժած, կաթողիկոսությունը մասամբ տեղափոխվեց դեպի արեւմուտք՝ Կիլիկիա (ներկայիս հարավարեւելյան Թուրքիա), որտեղ նոր հայկական թագավորություն հիմնվեց՝ կենտրոններով Թարսոն, Ադանա, Անազարբ, Սիս։ Եկեղեցական իշխանության կենտրոնը եւս հեռացավ Սուրբ Էջմիածնից։ Կաթողիկոսները տեղափոխվեցին Սիս, ուր շուրջ 150 տարի շարունակվեց Կաթողիկոսության գործունեությունը, անկախ նրանից, որ Կիլիկիայի թագավորությունն արդեն 1375-ին վերջնականապես կործանվել էր։