Ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Բաքուն մինչ օրս չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար հաղորդագրությունների է տարածում, թե հայկական ԶՈւ–ն խախտում է հրադադարի ռեժիմը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այս լուրերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկում է ձեւավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հունիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն այս առաջարկը դիվանագիտական խողովակներով ներկայացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին։
«Հայաստանին, բնականաբար, անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետեւ միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի ուղղությամբ որեւէ քայլ չի եղել։ Այսինքն` կրակոցներ չեն եղել, մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք համապատասխան գերատեսչությունների միջեւ, դա կարող է լինել քննչական կոմիտեն կամ այլ մարմին։ Այդպիսով մենք եւ միջազգային հանրությունը վստահելի տեղեկություն կունենանք։ Բաքուն մինչ օրս չի արձագանքել»,– լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը։
Հարցին` արդյոք ՀՀ–ի առաջարկը չի հակասում ԵՄ–ի կողմից Հայաստանում մոնիտորինգ իրականացնելու մեխանիզմին, ԱԽ քարտուղարը պատասխանեց` գործառույթները մի փոքր տարբեր են։
Գրիգորյանը վստահ է` ԵՄ-ի դիտորդական խումբն ու առաջարկվող նոր մեխանիզմն իրար չեն հակասում, քանի որ ԵՄ-ն հետաքննման լիազորություն չունի։
ԱԽ քարտուղարի կարծիքով` եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունը բացահայտելով, ապա կհամաձայնեն հետաքննող մեխանիզմ ստեղծելուն։
0 Մեկնաբանություն