Ռուսաստանի բարեկամ Ադրբեջանում փակում են ռուսական Սպուտնիկը.իսկ դեպի արեւմուտք գնացող Հայաստանում ազատ գործում է.Պետրոս Ղազարյան
Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարօրինակ բան ա ստացվում։
Ռուսաստանի բարեկամ Ադրբեջանում փակում են ռուսական Սպուտնիկը։Իսկ դեպի արեւմուտք գնացող Հայաստանում Սպաուտնիկը ոչ միայն ազատ գործում է ,այլեւ առավոտից իրիկուն պատմում է ,որ Բաքուն Ռուսաստանի հետ բարեկամանում է, իսկ մենք` թշնամանում»։
Բաքվում հետաձգվել է ԼՂ-ի նախկին ղեկավարների շինծու դատավարության հերթական նիստը
Բաքվում հետաձգվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ ապօրինի եւ շինծու դատական գործընթացի հերթական նիստը, որը պետք է կայանար փետրվարի 24-ին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ հերթական դատական նիստը հետաձգվել է մինչեւ փետրվարի 27-ը։ Նշվում է, որ դատական նիստը հետաձգվել է Բաքվում եղանակի անբարենպաստ լինելու պատճառով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի:
«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը»,-հայտարարել էր Ռուբեն Վարդանյանը:
Ադրբեջանն ապօրինի ձերբակալել եւ շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լեւոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։
Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստն անցկացվել էր հունվարի 17-ին։
«Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, զինված հակամարտության պայմանները դեռ առկա են, և այն կարող է վերսկսվել»․ Ֆրանսիայի դեսպանի բացառիկ հարցազրույցը «Ռադիոլուրին» (տեսանյութ)
«Ռադիոլուրի» հետ բացառիկ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Օլիվիե Դըկոտինյին խոսել է Փաշինյան-Մակրոն հանդիպման վերջին մեսիջներից, պաշտպանական գործակցության շրջանակում 2025-ի անելիքներից։
Անդրադարձ է կատարվել պատմական հայկական Սյունիքի նկատմամբ Բաքվի անթաքույց նկրտումներին, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի արդյունքներին, ԵԱՀԿ ՄԽ հետագային եւ Սյունիքում Ֆրանսիայի պատվո հյուպատոսություն բացելու ծրագրերին։ Դեսպանը ներկայացրել է, թե արցախահայերի երաշխավորված անվտանգ վերադարձի ի՞նչ գործուն մեխանիզմ է պատկերացնում, եւ թե ֆիզիկապես ինչպես է հնարավոր համարում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։
Ըստ դեսպանի, վերջին տարիներին ամեն անգամ, երբ Հայաստանն ունեցել է Ռուսաստանի կարիքը, Ռուսաստանը Հայաստանի կողքին չի եղել:
- Ամեն դեպքում, Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները որքանո՞վ են խանգարում հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ես հիշում եմ՝ Ֆրանսիան ասաց, որ Մոսկվան միայնակ է թողել Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում։
-Ֆրանսիան չի ասել դա, դա փաստի արձանագրում էր Ֆրանսիայի կողմից։ Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնային հարաբերություններ ունեին։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, երկկողմ գործակցության համաձայնություն կար նաեւ 1992թ․-ից սկսած։
Կարող ենք ասել, որ 2020-ի պատերազմը տեղի էր ունենում Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում, ուստի այնտեղ Ռուսաստանը չէր կարող միջամտել։ Լավ։ Բայց 2021 թվականի մայիսին եւ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիայի ենթարկեց արդեն Հայաստանի տարածքները, եւ այստեղ իրավական առումով շատ հստակ, թափանցիկ իրավիճակ էր․ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկիրն ագրեսիայի էր ենթարկում ՀԱՊԿ անդամ հանդիսացող երկրին, եւ այստեղ եւս Ռուսաստանը չմիջամտեց։
Եվ 2023 թվականի սեպտեմբերին ռուս զինվորները, որոնք այնտեղ էին տեղակայված հենց խաղաղությունը երաշխավորելու համար, տեղից չշարժվեցին, երբ Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Նրանք շարժվեցին տեղից միայն այն ժամանակ, երբ իրավիճակն արդեն հասել էր որոշակի փուլի, եւ միայն Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին զինաթափելու համար։
Այսինքն, կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին ամեն անգամ, երբ Հայաստանն ունեցել է Ռուսաստանի կարիքը, Ռուսաստանը Հայաստանի կողքին չի եղել։ Այս է պատճառը, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, Եվրամիության հետ, ինչը միանգամայն լեգիտիմ է։
–Դուք տարեվերջին Սյունիքում էիք, որի ռազմավարական նշանակությունը մեկ անգամ չէ, որ ընդգծվում է։ Ֆրանսիայի արտգործնախարար Կետրին Կոլոնան 2023-ին Երեւանում խոսել էր Սյունիքում հյուպատոսություն բացելու ցանկության մասին։ Ի՞նչ փուլում է գործընթացը։
-Միայն տարեվերջին չէ, որ Սյունիք էի գնացել։ Սյունիք ամենահաճախն եմ այցելում, որովհետեւ Հայաստանի ամենառազմավարական եւ սպառնալիքի տակ ամենաշատը գտնվող մարզն է։ Այն, ինչ մտադիր ենք, ցանկանում ենք բացել Սյունիքում, բուն հյուպատոսություն չէ, այլ՝ հյուպատոսական գրասենյակ, այսինքն՝ պատվավոր հյուպատոսի վարած գրասենյակ։ Արդեն որոշել ենք․ այն կտեղակայվի Գորիսում, որովհետեւ Գորիսը մի կողմից, կարելի է ասել, Սյունիքի խաչմերուկն է, եւ մյուս կողմից առանձնակի կապ ունի ֆրանսերեն լեզվի հետ․ բնակչության համամասնությունը հաշվի առնելով՝ թերեւս Հայաստանի ամենաշատ ֆրանկոֆոններ ունեցող քաղաքն է։ Ժամկետ դեռ չեմ կարող ասել, որովհետեւ ցանկանում ենք նաեւ բավականին գեղեցիկ բացման արարողություն կազմակերպել, բայց կարող եմ ասել՝ շուտով։
Մանրամասները տեսանյութում։
Ամբողջական հարցազրույցի սղագրությունը՝ այստեղ։
«Երեւանում այս գիշեր մինուս 17 է սպասվում»․Տիգրան Ավինյան
Երկուշաբթի՝ փետրվարի 24-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդացության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այս գիշեր ջերմաստիճանը -17C աստիճան կլինի։
«Մեր բոլոր հիմնական աշխատանքները հիմա պետք է ուղղենք մայթերի եւ արդեն իսկ բակային հատվածների մաքրմանը, որովհետեւ ընդհանուր առմամբ ցածր ջերմաստիճանները պահպանվելու են, մանավանդ բակային հատվածներում խնդիրը լուրջ է», -ասաց Տիգրան Ավինյանը:
Կհաշվարկվեն «Քաղաքացիական պայմանագրի» Կապանի տարածքային խորհրդի թեկնածուների քվեները
Ըստ Marzer.am-ի աղբյուրների, այսօր՝ փետրվարի 24-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կբացեն կուսակացության Կապանի տարածքային խորհրդի ընտրությունների քվեատուփն ու կհաշվարկեն ձայները։ Արդյո՞ք դա կարվի ուղիղ եթերում թե ոչ՝ դեռ պարզ չի։
Խորհրդի ընտրությունը տեղի է ունեցել անցած ուրբաթ՝ փետրվարի 21-ին, Կապանում։
Ըստ hraparak.am-ի՝ եղանակային անբարենպաստ պայմանների, ձյան պատճառով ՔՊ վերնախավից՝ վարչությունից ընտրություններին ներկայացուցիչ չի մասնակցել: Բայց, հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ Կապանում թույլ տրված կեղծիքները, ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել, որ քվեարկության արդյունքները հաշվեն Կապանում, եւ քվեատուփը` կապարականքված, տեղափոխվել է Երեւան:
«Քաղպայմանագրի» Կապանի տարածքային խորհրդի ընտրություններին առաջադրվել է 12 թեկնածու։ Թեկնածուների մեջ են ԱԺ պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Մարինա Ղազարյանը, ԶՊՄԿ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, Կապանի նախկին տարածքային խորհրդի ղեկավար Նարեկ Դավթյանը եւ այլք:
Օրվա թիվը․ քանի՞ հոգի են հարկ վճարել
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754 839, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 124-ով կամ 5.8 %-ով: