«Ռադիոլուրի» հետ բացառիկ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Օլիվիե Դըկոտինյին խոսել է Փաշինյան-Մակրոն հանդիպման վերջին մեսիջներից, պաշտպանական գործակցության շրջանակում 2025-ի անելիքներից։
Անդրադարձ է կատարվել պատմական հայկական Սյունիքի նկատմամբ Բաքվի անթաքույց նկրտումներին, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի արդյունքներին, ԵԱՀԿ ՄԽ հետագային եւ Սյունիքում Ֆրանսիայի պատվո հյուպատոսություն բացելու ծրագրերին։ Դեսպանը ներկայացրել է, թե արցախահայերի երաշխավորված անվտանգ վերադարձի ի՞նչ գործուն մեխանիզմ է պատկերացնում, եւ թե ֆիզիկապես ինչպես է հնարավոր համարում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։
Ըստ դեսպանի, վերջին տարիներին ամեն անգամ, երբ Հայաստանն ունեցել է Ռուսաստանի կարիքը, Ռուսաստանը Հայաստանի կողքին չի եղել:
- Ամեն դեպքում, Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները որքանո՞վ են խանգարում հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ես հիշում եմ՝ Ֆրանսիան ասաց, որ Մոսկվան միայնակ է թողել Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում։
-Ֆրանսիան չի ասել դա, դա փաստի արձանագրում էր Ֆրանսիայի կողմից։ Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնային հարաբերություններ ունեին։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, երկկողմ գործակցության համաձայնություն կար նաեւ 1992թ․-ից սկսած։
Կարող ենք ասել, որ 2020-ի պատերազմը տեղի էր ունենում Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում, ուստի այնտեղ Ռուսաստանը չէր կարող միջամտել։ Լավ։ Բայց 2021 թվականի մայիսին եւ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիայի ենթարկեց արդեն Հայաստանի տարածքները, եւ այստեղ իրավական առումով շատ հստակ, թափանցիկ իրավիճակ էր․ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկիրն ագրեսիայի էր ենթարկում ՀԱՊԿ անդամ հանդիսացող երկրին, եւ այստեղ եւս Ռուսաստանը չմիջամտեց։
Եվ 2023 թվականի սեպտեմբերին ռուս զինվորները, որոնք այնտեղ էին տեղակայված հենց խաղաղությունը երաշխավորելու համար, տեղից չշարժվեցին, երբ Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Նրանք շարժվեցին տեղից միայն այն ժամանակ, երբ իրավիճակն արդեն հասել էր որոշակի փուլի, եւ միայն Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին զինաթափելու համար։
Այսինքն, կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին ամեն անգամ, երբ Հայաստանն ունեցել է Ռուսաստանի կարիքը, Ռուսաստանը Հայաստանի կողքին չի եղել։ Այս է պատճառը, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, Եվրամիության հետ, ինչը միանգամայն լեգիտիմ է։
–Դուք տարեվերջին Սյունիքում էիք, որի ռազմավարական նշանակությունը մեկ անգամ չէ, որ ընդգծվում է։ Ֆրանսիայի արտգործնախարար Կետրին Կոլոնան 2023-ին Երեւանում խոսել էր Սյունիքում հյուպատոսություն բացելու ցանկության մասին։ Ի՞նչ փուլում է գործընթացը։
-Միայն տարեվերջին չէ, որ Սյունիք էի գնացել։ Սյունիք ամենահաճախն եմ այցելում, որովհետեւ Հայաստանի ամենառազմավարական եւ սպառնալիքի տակ ամենաշատը գտնվող մարզն է։ Այն, ինչ մտադիր ենք, ցանկանում ենք բացել Սյունիքում, բուն հյուպատոսություն չէ, այլ՝ հյուպատոսական գրասենյակ, այսինքն՝ պատվավոր հյուպատոսի վարած գրասենյակ։ Արդեն որոշել ենք․ այն կտեղակայվի Գորիսում, որովհետեւ Գորիսը մի կողմից, կարելի է ասել, Սյունիքի խաչմերուկն է, եւ մյուս կողմից առանձնակի կապ ունի ֆրանսերեն լեզվի հետ․ բնակչության համամասնությունը հաշվի առնելով՝ թերեւս Հայաստանի ամենաշատ ֆրանկոֆոններ ունեցող քաղաքն է։ Ժամկետ դեռ չեմ կարող ասել, որովհետեւ ցանկանում ենք նաեւ բավականին գեղեցիկ բացման արարողություն կազմակերպել, բայց կարող եմ ասել՝ շուտով։
Մանրամասները տեսանյութում։
Ամբողջական հարցազրույցի սղագրությունը՝ այստեղ։
0 Մեկնաբանություն