Ընտրություններում հաղթելուց հետո Հայաստանի կառավարության առաջին իսկ նիստում կընդունվի օրենք, որն Ադրբեջանի քաղաքացիներին կարգելի Հայաստանում հող եւ անշարժ գույք գնել։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Հայաստանի վարչապետի թեկնածու, գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը։
«Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու եւ որոշելու մեր երկրին, մեր ժողովրդին ամենաշատը հետաքրքրող հարցը։ Այս երկու ամսվա ընթացքում անդրադարձանք բոլոր տնտեսական ծրագրերին, որոնք մենք առաջարկում ենք մեր ժողովրդին։ Բոլորս հիշում ենք՝ 300 հազար աշխատատեղ, մեկ միլիարդ դոլար՝ տուրիզմի զարգացման համար, ժողովրդագրական տվյալների բարելավման համար՝ խոշոր միջոցներ, փոքր բիզնեսն ազատում ենք բոլոր հարկերից եւ ստուգումներից։
Բայց մենք ունենք մեր ժողովրդի եւ երկրի համար ամենալուրջ խնդիրը. եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի եւ Ալիեւի պլանավորած 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Դրա համար մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք մեր երկրի համար գլխավոր օրենքը։ Մենք դա անվանել ենք «Սաֆարովի կանխարգելման օրենք», որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը։ 240 քառակուսի կիլոմետրը նրանք նվեր ստացան մեկ օրում։ Այսինքն՝ ինչ էլ որ մենք անենք, ինչքան էլ որ փորձենք տնտեսությունը զարգացնել, եթե մենք չլուծենք մեր երկրի գլխավոր խնդիրը, դա արժեք չի ունենալու», - հայտարարել է Սամվել Կարապետյանը։
Իրավաբան Արամ Վարդեւանյանը ներկայացրել է օրինագծի հիմնական դրույթները։ Նա նշել է, որ հասարակության մեջ մտահոգություն կա այն կապակցությամբ, թե որքան դինամիկ են երկրի իշխանությունները կատարում Ադրբեջանի ցանկացած պահանջ։ «Հաշվի առնելով, թե ինչպիսի սարսափելի ծրագիր են մշակել Փաշինյանն ու Ալիեւը՝ օրենսդրական փաթեթ ընդունելու անհրաժեշտություն կա»,- նշել է իրավաբանը՝ հավելելով, որ նախագիծը կրում է «Սաֆարովի կանխարգելման» կամ ատելության կանխարգելման մասին օրինագիծ անվանումը։ Օրինագծով նախատեսվում է, որ ադրբեջանական քաղաքացիություն ունեցող եւ ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձ չի կարող անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում։ Նրա խոսքով՝ հողային օրենսդրության մեջ նմանատիպ դրույթ արդեն կա, եւ առաջարկվում է այն տարածել նաեւ անշարժ գույքի վրա, հիշեցնելով, որ միջազգային պրակտիկայում նման նախադեպեր գոյություն ունեն։
Վարդեւանյանը հիշեցրել է, թե ով է Սաֆարովը. նա ադրբեջանցի զինվորական է, որը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում, որտեղ երկուսն էլ անգլերենի դասընթացների էին մասնակցում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում։ Սաֆարովը քնած Մարգարյանին կացնով 16 հարված էր հասցրել։ Հունգարիայի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին նա փոխանցվել է Ադրբեջանին, որտեղ ազատ արձակվել է ու հերոսացվել, եւ մինչ օրս համարվում է հերոս։ Հայաստանի Հանրապետությունը խզել էր հարաբերությունները Հունգարիայի հետ, դրանք վերականգնվել են 2022 թվականին։
Ինչպես նշել է Վարդեւանյանը, փաթեթը բխում է ազգային արժանապատվության առաջնահերթություններից. ազգային անհանդուրժողականության հողի վրա կատարված նման հանցագործությունները պետք է պատժվեն, բայց երբ «խաղաղության» անվան տակ նման բաները խրախուսվում ու հերոսացվում են, մենք պետք է արտահայտենք մեր դիրքորոշումն ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկենք։ Փաթեթը կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։
Գոհար Մելոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից ծրագրվող «սարսափելի ծրագիրը»։ Նրա խոսքով՝ խաղաղության մասին հայտարարություններին զուգահեռ շարունակվում է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտումը. 4 մարզերում ադրբեջանցի զինվորականներ կան, եւ դա տեղի է ունենում՝ անտեսելով այն ստորագրված փաստաթղթերը, որոնք ենթադրում են ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության երաշխավորում։ Ադրբեջանական զորքերը ոչ միայն դուրս չեն բերվել Հայաստանի տարածքից, այլեւ օդում կախված է անկլավների հարցը։
Ամփոփելով խոսքը՝ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ օրենքն ընդունվելու է իշխանության գալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում։
0 Մեկնաբանություն