ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՔԿ-ից:
Օրեր առաջ ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ն, լիազորված լինելով խթանել կրթության եւ գիտության զարգացմանը, մշակել եւ իրականացնել կրթության եւ գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչեւ 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, ապա մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գ.Խ.-ի եւ վերջինիս որդու՝ Ա.Խ.-ի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վ.Ս.-ի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի, պրոռեկտոր Ա.Ա.-ի, Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի, ինչպես նաեւ վերջիններիս հետ փոխկապակցված Հ.Թ.-ի հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետեւանքով Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը եւ դրա անբաժանելի մաս համարվող հողամասը եւ ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ:
Բացի դա, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից՝ ուսումնական նպատակներով տնօրինելու եւ օգտագործելու հնարավորությունից:
Դրանից հետո, Ա.Խ.-ն եւ Գ.Խ.-ն իրենց մտերիմ Հ.Թ.-ի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, հանցավոր ճանապարհով ՀՀ Երեւան քաղաք Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոց 38/1 շենք թիվ 59 հասցեում գտնվող 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի ձեռքբերման գործընթացում քողարկելով գույքի իրական պատկանելիությունը, ինչպես նաեւ նպատակ ունենալով թաքցնել եւ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը՝ նախ որպես գույք ձեռք բերող ներկայացրել են Հ.Թ.-ին, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 մլն ՀՀ դրամով գնել են նշված գույքը՝ գրանցելով այն Ա.Խ.-ի անվամբ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել վերը նշված 7 անձի նկատմամբ:
Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
0 Մեկնաբանություն