Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1֊-ի կապակցությամբ․
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր, երբ բացվում են դպրոցների դռները եւ սկսվում է նոր ուսումնական տարին, մենք ոչ միայն տոնում ենք Գիտելիքի օրը, այլեւ վերահաստատում ենք մեր հավատարմությունը հայրենիքին եւ մեր ազգային արժեքներին:
Կրթությունը մեր ազգային անվտանգության հիմնաքարն է: Այն նաեւ զենք է, որով մենք պաշտպանում ենք մեր ինքնությունը, մեր լեզուն, մեր մշակույթը: Յուրաքանչյուր գիրք, որ բացում է հայ աշակերտը, յուրաքանչյուր դաս, որ լսում է հայ ուսանողը, ամրապնդում է մեր հայրենիքի հիմքերը:
Մեր պատմությունը լի է փառահեղ էջերով, որոնք պատմում են մեր նախնիների իմաստության, քաջության եւ նվիրվածության մասին: Այդ պատմությունը պետք է ոգեշնչի մեր երիտասարդությանը՝ դառնալու ավելի ուժեղ, ավելի իմաստուն, ավելի նվիրված հայրենիքին:
Հայ երիտասարդները մեր ազգի արմատն ու ապագան են: Ուստի, կոչ եմ անում բոլոր աշակերտներին եւ ուսանողներին՝ սովորեք ջանասիրաբար:
Այսօր, երբ աշխարհը լի է մարտահրավերներով, մեր կրթությունը պետք է լինի մեր վահանը եւ սուրը: Վահան՝ պաշտպանելու մեր արժեքները, եւ սուր՝ բացելու նոր ուղիներ դեպի առաջընթաց:
Թող այս ուսումնական տարին լինի նոր նվաճումների տարի: Թող յուրաքանչյուր հայ երիտասարդ դառնա իր հայրենիքի արժանի զավակը, պատրաստ պաշտպանելու եւ զարգացնելու այն:
Շնորհավոր Գիտելիքի օր»:
0 Комментарий