Քաջարան համայնքի ղեկավար Մանել Փարամազյանի ուղերձը Աշխատանքի տոնի առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Մայիսի 1-ի` Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:
Աշխատանքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդին ուղեկցել է դարեր շարունակ, օգնել է նրան դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել դժվարություններն ու փորձությունները: Ազնիվ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում հայերը կարողացել են ստեղծել իրենց օջախն ու մշակույթը:
Աշխատավորի եւ փառքի կոչմանն արժանի սիրելի քաջարանցիներ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ օրվա կապակցությամբ։ Այսօր քաջարանցին շարունակում է սեփական ձեռքերով կառուցել հայրենի բնօրրանը, շենացնել այն եւ կերտել իր սերունդների ապագան:
Աշխատավոր քաջարանցին յոթ տասնամյակներ շարունակ՝ իր աշխատանքով եւ աշխատասիրությամբ արարել, կառուցել եւ թողել է հարուստ ժառանգություն իր սերունդներին, եւ իր աշխատանքով այսօր ճանաչելի ու հայտնի դարձել աշխարհին։ Եվ այսօր էլ համայնքում նույն կերպ շարունակվում է այդ արարումն ու շենացումը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հանքարդյունաբերական հսկա գործարանը յոթ տասնամյակներ շարունակ՝ քաջարանցի ամենատարբեր սերունդների անբասիր եւ քրտնաջան աշխատանքի արդյունքում հասել է մեր օրեր եւ մեր բոլորիս աշխատանքի շնորհիվ այսօր դարձել մեր երկրի թիվ մեկ հարկատուն եւ վաստակել աշխատանքային փառքի քաղաք անվանումը։
Եվ այսօր էլ մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր քաղաքում եւ համայնքում այդ հնարավորությունները մեծացնելու եւ մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։
Եվ միայն արդար ու ստեղծագործ աշխատանքով մարդը կարող է դառնալ հասարակության լիիրավ անդամ, նպաստել երկրի հզորացմանն ու բարգավաճմանը:
Կրկին շնորհավորում եմ ամենատարբեր ոլորտների բոլոր աշխատավորներին՝ մաղթելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, հավատ վաղվա օրվա հանդեպ՝ հանուն մեր երկրի ու համայնքի շենացման եւ մեր ընտանիքների բարօրության։
Աստված պահապան բոլորիս»։
0 Комментарий