Մեկնարկել է Գյումրու ավագանու 4-րդ նստաշրջանը. ՔՊ խմբակցությունը նոր ղեկավար ու քարտուղար է ընտրել, իսկ օրակարգում համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին դրամական նվիրատվություններ հատկացնելու հարցն է եղել: Լարված քննարկումներից հետո ավագանին քվեարկել է համայնքային բյուջեից Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին 17 մլն դրամ տրամադրելու օգտին: Ավագանու նիստում քննարկումներ են եղել նաև Գյումրիում քաղաքական ճգնաժամի շուրջ, ՔՊ-ն առաջարկել է մանդատները վայր դնել և գնալ ընտրության: ՔՊ-ի ավագանու անդամները վերջին մի քանի նիստերի ընթացքում պարբերաբար բոյկոտում էին այն՝ ակնհայտորեն ակնկալելով, որ իրենց բացակայության հետեւանքով քվորում չի ապահովվի, եւ ավագանին կլուծարվի։ Այդ առումով բավականին մեծ անակնկալ էր, երբ ՔՊ-ականները հայտնվեցին։ Նրանց ներկայանալուց ընդամենը րոպեներ առաջ Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը բարձրացրել էր այդ հարցը՝ հետաքրքրվելով, թե ինչու են Գյումրու ավագանու ՔՊ անդամները մի քանի նիստ շարունակ բոյկոտում ավագանու աշխատանքը։
0 Комментарий