ՆԳ նախարարությունը շարունակում է կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ նոր փաստաթղթերի տրամադրման գործընթացում համադրելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, քաղաքացիակենտրոն մոտեցումն ու որակյալ սպասարկումը։
Սեպտեմբերի 23-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ֆրանսիական IN Groupe եւ A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի հիմնադրած «ՀայՓաս» ՓԲԸ գլխամասային գրասենյակ։
«IN Groupe» ընկերության բիզնեսի միջազգային զարգացման պատասխանատու Իզաբել Լաուզոնի եւ «ՀայՓասի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի հետ նախարարը քննարկել է ծրագրի իրականացման տեխնիկական եւ կազմակերպչական հարցերը։
Անդրադարձ է կատարվել սպասարկման որակի լավարկմանը, տվյալների անվտանգության ապահովմանը եւ միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների ներդրմանը։
Արփինե Սարգսյանը հետեւել է աշխատակիցների գործնական ուսուցման ընթացքին, որի շրջանակում ներկայացվել են կենսաչափական տվյալների հավաքագրման եւ գրանցման համար նախատեսված սարքավորումների օգտագործման կարգը, ծրագրային լուծումների կիրառման հնարավորություններն ու աշխատանքային ընթացակարգերի առանձնահատկությունները։
Նախարար Սարգսյանը ծանոթացել է նաեւ ընկերության նյութատեխնիկական հագեցվածությանը եւ փաստաթղթերի պատրաստման ամբողջական շղթային։ Տեխնոլոգիական լուծումների ներկայացումն ուղեկցվել է գործնական փորձարկմամբ․ ՆԳ նախարարն անձամբ անցել է փաստաթղթավորման բոլոր փուլերով՝ տվյալների գրանցումից մինչեւ նույնականացման քարտի եւ անձնագրի նմուշների տպագրություն։
ՆԳ նախարարի անձնական տվյալներով պատրաստված նմուշները հնարավորություն են տվել տեղում տեսնել համակարգի աշխատանքի վերջնական արդյունքը։ Գործընթացին անմիջական մասնակցությունը թույլ է տվել նաեւ փաստաթղթավորման ընթացքին ծանոթանալ ծառայությունից օգտվող քաղաքացու տեսանկյունից եւ գնահատել ընթացակարգերի արդյունավետությունը։
Մանրամասն դիտարկվել է յուրաքանչյուր դետալ, կատարվել են տեղային ճշգրտումներ, առաջարկվել փոփոխություններ․ աշխատանքների բարձր որակն ու սպասարկման հետագա արդյունավետությունը ապահովելու ուղղությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ։
Արփինե Սարգսյանը շրջել է նաեւ ընկերության գլխամասի՝ դեռեւս կառուցման փուլում գտնվող հատվածում եւ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։
Նախարարն ընդգծել է աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու կարեւորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստվածությունը, տեխնոլոգիական լուծումների հուսալիությունն ու անձնակազմի մասնագիտական կարողությունները համակարգի լիարժեք գործարկման եւ քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու փոխկապակցված նախապայմաններ են։
0 Комментарий